Ադրբեջանը չի կրակում, որ Փաշինյանն ապահովագրվի պարտությունից 2026թ ընտրություններին. Վիգեն Հակոբյան

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի ժողովրդին խոստացել էր խաղաղություն բերել եւ բերել է, ու իբրեւ դրա դրսեւորում՝ ՔՊ-ականները ներկայացնում են ադրբեջանական բենզինի մուտքը Հայաստան կամ, օրինակ, օրերս էլ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Թրամփի հետ: Թեմայի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը հետեւյալը նշեց. «Որպեսզի կարողանանք գնահատել, թե վերջին 7 տարվա ընթացքում այսօրվա իշխանությունն ինչպես է իր պարտականությունը կատարել հայ ժողովրդի առջեւ, բավական է բացել ՔՊ-ի 2021թ նախընտրական ծրագիրը եւ կետ առ կետ նայել, թե առհասարակ ինչ կետեր են իրականացվել:

2021թ նախընտրական ծրագրում որեւէ տեղ գրվա՞ծ էր, որ Հայաստանը պետք է ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում: Ես չեմ հիշում այդպիսի տող: Որեւէ մի տեղ գրվա՞ծ էր, որ Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս ՔՊ-ական իշխանությունների, պետք է նման արշավ սկսեն Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Որեւէ տեղ գրվա՞ծ էր, որ տնտեսությունը պետք է լինի այս վիճակո՞ւմ՝ առանց իմունիտետի կամ տնտեսությունը պետք է կախված լինի մի բեւեռից, որովհետեւ խոսքը գնում էր բազմավեկտոր արտաքին քաղաքականության, արտաքին առեւտրի դիվեսիֆիկացման մասին: Այսօր ինչքան շատ է խոսվում ԵՄ-ի մասին, այնքան շատ է մեր արտաքին առեւտուրը կախված Ռուսաստանից:

Այսինքն, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ խաղաղություն է բերել, դա ինչի հիման վրա է ասում: Նույնիսկ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, մտադրություններ մասին նախաստորագրված փաստաթուղթ է, որն ինքն ուզում է վաճառել որպես խաղաղության փաստաթուղթ»:

Վիգեն Հակոբյան

Վիգեն Հակոբյանն ընդգծում է. «Երբ Փաշինյանն ասում է անվտանգություն, բոլորս էլ հասկանում ենք, որ եթե այսօր չեն կրակում, դա պայմանավորված է արտաքին օպերատորի՝ Ադրբեջանի ցանկությամբ, որպեսզի Փաշինյանը կարողանա 2026թ վերարտադրվել: Խոսքը գնում է ընդամենը զինադադարի մասին, զուտ այն նպատակով, որպեսզի ինչքան հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը ապահովագրվի առաջիկա ընտրություններին պարտությունից: Թե դա որքանով կստացվի, այլ հարց է, բայց պարզ է, որ չեն կրակում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա այդ քարոզչական գործիքն օգտագործել ցածր սոցիալական պատասխանատվություն եւ ցածր ինտելեկտ ունեցող իր զանգվածի համար, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ դա զինադադար է եւ ոչ թե խաղաղություն:

Իսկ եթե Ադրբեջանը երբեմն իր տարածքով ինչ-որ ապրանքներ է բաց թողում, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է ադրբեջանական էներգակիրների, նավթամթերքի մուտքին Հայաստանին, այստեղ էլ թե մեր քաղաքական շրջանակները, թե էքսպերտները, եւ թե տնտեսագետները դրա բացատրությունը տվել են: Ըստ էության, Հայաստանի այսօրվա իշխանությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական անվտանգությունը սկսում է դնել Ադրբեջանի քմահաճույքի ներքո: Վաղն էլ կասեն ատոմակայանը փակենք, Ադրբեջանն էլ կուզենա կբացի խողովակը, կուզենա կփակի: Մենք դա տեսել ենք Արցախում: Այն լծակը, որն Ադրբեջանն ուներ Արցախի նկատմամբ եւ օգտագործեց շրջափակման ժամանակ, հիմա էլ ՀՀ իշխանությունները տալիս են Ադրբեջանին, որ հետագայում օգտագործի Հայաստանի նկատմամբ…

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է Հայաստանի պատմության մեջ, որն իր իշխանավարման պայմաններում հայտարարել է՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» եւ «Արցախը Ադրբեջան է եւ վերջ»: Սա բավականին հետաքրքիր մտքի մուտացիա է…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment