«Դա նորմալ չէ, զարհուրելի փաստ է։ Եթե երկրում 31 տոկոս աղքատություն կա, չի կարող պետությունն իրեն այդպիսի շռայլություններ թույլ տալ»,- Aravot.am-ի հարցին՝ նորմա՞լ է, որ պատգամավորները 2,9 միլիոն դրամ պարգևավճար են ստանում, որոշ նախարարների տեղակալներ անգամ 4 միլիոն դրամից ավելի պարգևավճարներ կստանան, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
Ըստ նրա՝ ցավալին այն է, որ իշխանության ներկայացուցիչները, որ այս կարգախոսներով, ժողովրդահաճո հայտարարություններով էին եկել իշխանության, հիմա իրենք են արդարացնում իրենց պարգևավճարների ծավալները․ «Եթե հաշվի առնենք, որ թոշակները մեզ մոտ 40․000-50․000 դրամ են, մարդիկ կան, որ թոշակը ստանում են, միանգամից նույն օրը ծախսում են, պարտքերը, կոմունալներն են տալիս, տակը բան չի մնում, իհարկե, դա զարհուրելի է»։
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է պատճառը, որ նման որոշումներ են կայացվում, այսինքն՝ իշխանությունները կոպիտ ասած թքա՞ծ ունեն ժողովրդի կարծիքի, վիճակի վրա, Արմեն Վարդանյանը պատասխանեց․ «Այս իշխանությունը սանձարձակ դարձավ 2021-ի ընտրություններից հետո։ Իմ խորին համոզմամբ՝ քանի որ մինչև 2021-ը լրիվ այլ իշխանություն էր․ ժողովրդահաճո բաներ էին այն ժամանակ ասում, իրենց այս ձևի չէին պահում, բայց 2021-ից հետո հասկացան, որ եթե պատերազմ պարտված իշխանությունը հաջորդ ընտրություններին հիսուն պլյուս մեկ տոկոս է հավաքել, ուրեմն իրենց ամեն ինչ կարելի է, սկսեցին այլևս այդ ֆորմալությունների հետևից չընկնել, սկսեցին անիմաստ ծախսեր անել, հակաժողովրդավարական քայլեր անել: Որոշ դեպքերում նահանջ արձանագրեցին իրենց այն սկզբունքներից, որոնցով իշխանության էին եկել, և շատ այլ բաներում հետընթաց նկատվեց։ Գրեթե բոլոր ոլորտներում՝ ամեն հարցում, իրենք այլևս այլասերվել են, նախկին իշխանությունը չէ, որը 2018-ին այլ բան էր խոսում, այլ արժեքների մասին էին խոսում, հիմա լրիվ այլ մարդիկ են, մեր աչքի առաջ այս մարդիկ փոխվեցին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: