2025 թվականի դեկտեմբերի 9-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության մասով հարուցված վարչական վարույթը։ Վարույթը հարուցվել էր կուսակցության՝ 2023 թվականի ֆինանսական հաշվետվության ուսումնասիրության արդյունքում։
Մասնավոր անձ Վահե Մանուկյանը 2023 թվականի ընթացքում կուսակցությանը նվիրատվություններ է կատարել՝ 2 միլիոն 750 հազար ՀՀ դրամի չափով։ Հանձնաժողովը գտել է, որ մասնավոր անձի կողմից նվիրատվության չափը գերազանցվել է 250 հազար դրամով։ Ըստ օրենքի, այդ գումարը կուսակցությունը պարտավոր էր վերադարձնել նվիրատուին, իսկ եթե չի վերադարձնում, այն բռնագանձվում է՝ հօգուտ ՀՀ պետբյուջեի։
Վարույթի քննության ընթացքում, սակայն, «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Սոս Հակոբյանը կարողացել է հիմնավորել, որ այս ընթացքում կատարված օրենսդրական փոփոխությունները թույլատրել են մասնավոր անձին տվյալ չափի նվիրատվություն կատարել։ Դեկտեմբերի 9-ի որոշմամբ վարույթը կասեցվել է։
Կասեցվել է նաեւ մասնավոր անձ Վահե Մանուկյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը։
Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: