Տարածաշրջանի կոմունիկացիաների բացումն ուղղակիորեն կապված է նաև սահմանազատման գործընթացի հետ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ռադիոլուր»-ի հարցին, թե Գաբալայում սահմանազատման հանձնաժողովի նավթամթերքի ներմուծման եւ տնտեսական նման հարցերի քննարկումն արդյո՞ք նշանակում է, որ հանձնաժողովի օրակարգը փոխվել է։
Վարչապետը նշել է, որ երկաթուղու, գազամուղի կամ էլեկտրահաղորդման գծի կառուցումից առաջ պետք է որոշվի, թե որտեղով է անցնում պետական սահմանը։
Այս առումով՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ տնտեսական նման օրակարգի հարցեր քննարկել է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է «տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները» եւ թե դրանք ինչպիսի «հնարավորություններ կստեղծեն նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համար, ԵԱՏՄ-ի համար»։
Այս առումով Հայաստանի կառավարության ղեկավարը կարեւորում է Տավուշի հատվածում Իջևանի երկաթուղային կայարանի վերականգնումը, նման աշխատանքները նաեւ Ախուրիկի հատվածում, ինչպես նաեւ Հայաստան- Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը և Հայաստան- Ադրբեջան Նախիջևանի սահմանից մինչև Երասխ հատվածի վերականգնման աշխատանքները։
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը այդ աշխատանքները արագ կիրականացնի։ «Ես նաև արտահայտել եմ մեր պատրաստակամությունը, որ Հայաստանի կառավարությունը կարող է էդ հատվածները վերցնել, այսինքն` հետ վերցնել կոնցեսիայից, և մենք պետական բյուջեի մեր միջոցներով էդ վերականգնումները իրականացնենք, եթե պարզվի` Ռուսաստանի Դաշնությունը պատշաճ ժամանակում այդ աշխատանքն իրականացնելու հետ կապված որևէ խնդիր ունի»,- ասել է վարչապետը։