«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է թիմի առաջատար կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի կորուստը։ Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Անգլիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ խաղում (1:2) և փոխարինվել ընդմիջմանը։
«Կարծում եմ՝ Բրունուին փոխարինելն անհնար է, և ես այդ մասին ասում եմ թիմին։ Սակայն մենք պետք է փորձենք օգուտ քաղել ստեղծված իրավիճակից։ Այստեղ դրականն այն է, որ մյուս ֆուտբոլիստները ստիպված կլինեն իրենց դրսևորել։
Խնդիրը միայն գոլային պահեր ստեղծելը չէ, այլև յուրաքանչյուր ստանդարտ դիրքի իրացումը․ նա այն ֆուտբոլիստն է, ով երբեմն կազմակերպում է թիմի ամբողջ խաղը։ Սա բոլորի համար լավ առիթ է՝ հասկանալու, որ մենք չենք կարող ամեն ինչում հույս դնել մեկ խաղացողի վրա։
Ստանդարտ դիրքերում մենք կորցրել ենք Բրունուին, ինչպես նաև Բրայանին և Ամադին։ Սա ահռելի կորուստ է, բայց միևնույն ժամանակ՝ հնարավորություն մյուս խաղացողների համար՝ ցուցադրելու այն առաջատարի որակները, որոնք մեզ անհրաժեշտ են»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։