ՄԻԵԴ դիմումների արդյունքում ՀՀ-ի դեմ ռազմավարական երկու գործ ավարտվել է բարեկամական կարգավորմամբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված դիմումների արդյունքում Հայաստանի Հանրապետության դեմ ռազմավարական երկու գործեր ավարտվել են բարեկամական կարգավորմամբ։ Դիմումատուներին վճարվել է համապատասխանաբար 15.000 և 20.000 եվրո վնասի փոխհատուցում։

Գործերը վերաբերում են Շ․ Վ․-ն ընդդեմ Հայաստանի և Վ․ Պ․-ն ընդդեմ Հայաստանի գործերին։ Դիմումատուները Կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի խախտման հիմքով էին գանգատ ներկայացրել դատարան մատնանշելով իրենց որդիների մահվան հանգամանքները և այդ դեպքերի առնչությամբ իրականացված քննության անարդյունավետությունը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2025 թվականի նոյեմբերի 6-ին ընդունել է որոշում, որով բարեկամական կարգավորմամբ փակվել են Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված նշված երկու դիմումները՝ սահմանելով իրավունքի խախտման համար փոխհատուցում։

Հիշեցնենք, որ Վ․ Պ․-ի գործով դիմումը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացվել 2020 թվականի հուլիսի 2-ին՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Անի Չատինյանի կողմից, իսկ Շ․ Վ․-ի գործով դիմումը՝ 2019 թվականի հունվարի 16-ին՝ նախկին աշխատակից Արայիկ Զալյանի կողմից։

Այս որոշումը հերթական անգամ ընդգծում է, որ զինծառայողների մահվան դեպքերը և դրանց արդյունավետ քննությունը շարունակում են մնալ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից զգայուն և կարևոր հարցեր՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավական հարթակներում։

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment