Մելիք Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ.-ին ապօրինի կերպով ձեռք է բերել, տեղափոխել և իր բնակության վայրում շուրջ 3 տարի ապօրինի պահել է հրազեն հանդիսացող «АКС-74» տեսակի «263994» համարով ակոսափող ինքնաձիգ և ռազմամթերք հանդիսացող, 23 հատ 5.45մմ (5.45×39) տրամաչափի փամփուշտներ:
Դատարանը նրան վերջնական պատիժ էր նշանակել ազատազրկում՝ 1 տարի 9 ամիս 2 օր ժամկետով:
Գործով հանրային մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ա. Մանուկյանի վերաքննիչ բողոքը մերժվել էր, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2024թ. մարտի 18- դատավճիռը քրեական գործով ըստ մեղադրանքի Մելիք Ամիրյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով` թողնվել էր անփոփոխ:
Վճռաբեկ դատարանի քրեական պալատը մեկ տարի առաջ գործն ընդունել էր վարույթ։
Օրեր առաջ՝ դեկտեմբերի 19-ին քննեց բողոքը։
Բողոքաբերը գտել է, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանը Վճռաբեկ դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքի լույսի ներքո պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյալ Մ. Ամիրյանի արարքի հանրային վտանգավորության վրա ազդող ստորև նշված գործոնները, որոնք վկայում են նրա կատարած արարքի հանրային բարձր վտանգավորության մասին:
Ըստ դատարանի. «Պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, մեղադրյալի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ և հանցագործության առարկայի տեսակը։ Այս համատեքստում բողոքի հեղինակը փաստարկել է, որ մեղադրյալը գործելով ուղղակի դիտավորությամբ, ոչ միայն ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել ինքնաձիգ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, այլ նաև գումարի դիմաց իրացրել է նշվածը՝ գիտակցելով դրանք ապօրինի շրջանառության մեջ դնելու հնարավոր բացասական հետևանքները։ Վերջինի համատեքստում բողոքաբերը փաստարկել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի հանրային բարձր վտանգավորությունը պայմանավորված է հանցագործության առարկան այլ հանցավոր նպատակով օգտագործելու իրական հնարավորությամբ։ Բացի այդ, պարզված չէ ապօրինի շրջանառության առարկա հրազենի ձեռքբերման աղբյուրը, ինչը հանդիսանում է առանձնացված քրեական վարույթի առարկա»։
Դատարանն անդրադարձել է մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելուն։ Բողոքաբեր դատախազի կարծիքով՝ ստորադաս դատարանի հաշվի առնված հանգամանքները չեն կարող ողջամտորեն նվազեցնել մեղադրյալ Մ. Ամիրյանի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ. «Մեղմացնող նշանակություն է տրվել այնպիսի հանգամանքին, որը նման նշանակությամբ օժտված չէ»։
Առաջին ատյանի դատարանը մեղմացուցիչ հանգամանք էր դիտել «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահի կողմից տրված «Մարտական ուղու»՝ Մելիք Ամիրյանը 2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 2-ը մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, մարտական գործողությունների է ընդգրկված եղել տարբեր վայրերում, այդ թվում նաև՝ «Դժոխքի Ձոր» կոչվող տեղանքում, տարբեր ժամանակաշրջաններում «Մարտական խաչ», «Վազգեն Սարգսյան» մեդալներով և պատվոգրերով պարգևատրված լինելը և հանցանքի կատարման համար զղջալը։
Վճռաբեկ դատարանը որոշեց Մելիք Արտաշի Ամիրյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թ. մարտի 18-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թ. հունիսի 28-ի որոշումը փոփոխել։
Մելիք Ամիրյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 տարի ժամկետով, նշանակված պատժին հաշվակցել Մ. Ամիրյանի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը՝ 2 ամիս 28 օրը, ու նրան թողնել կրելու ազատազրկում՝ 9 ամիս 2 օր ժամկետով։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.12.2025
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: