ԿԸՀ նախագահը մամուլի ասուլիսում խոսել է 2026 թվականին սպասվող համապետական եւ ՏԻՄ հերթական ընտրությունների մասին։ ԿԸՀ նախագահը հիշեցրել է, որ խորհրդարանական ընտրություններ նշանակելու իրավունքը բացառապես Հանրապետության նախագահինն է, այնուամենայնիվ հղում անելով Սահմանադրությանը ընդգծել է, որ ԱԺ ընտրությունների օրվա նշանակման միջակայքը հունիսի 2-ից 12-ն է, իսկ այդ միջակայքում միակ կիրակին հունիսի 7-ն է։
Խորհրդարանի ընտրությունների օրը, Սահմանադրության համաձայն, նշանակվում է գործող խորհրդարանի լիազորությունների ստանձնումից ոչ շուտ, քան 60 և ոչ ուշ, քան 50 օր առաջ, իսկ գործող խորհրդարանն իր լիազորությունները ստանձնել է 2021 թվականի օգոստոսի 2-ին։
Սպասվող համապետական ընտրություններում կուսակցությունների համար անցողիկ շեմը լինելու է 4%, մինչև 3 կուսակցություն ունեցող դաշինքի համար` 8%, 4 և ավելի կուսակցություն ունեցող դաշինքի պարագայում՝ 10%։
Ընտրական գրավը կուսակցության դեպքում 7,5 մլն դրամ է, դաշինքների համար՝ 15 մլն դրամ։ Iravaban.net-ը տեղեկանում է ԿԸՀ-ից։
ԿԸՀ-ն առաջիկա համապետական ընտրություններին մոնիթորինգի և վերահսկողության մի շարք գործիքներ է կիրառելու նախընտրական քարոզչության և ընդհանրապես ընտրական գործընթացների ֆինանսական թափանցիկության և ֆինանսավորման օրինականության գործընթացն ավելի պատշաճ և ժամանակակից գործիքակազմերի կիրառմամբ իրականացնելու նպատակով։ Այս հարցում ԿԸՀ-ն միջազգային գործընկերների համագործակցությամբ մոնիթորինգային նոր ծրագրեր է կիրառելու, որոնք հնարավորություն են տալու համացանցում տեղի ունեցող նախընտրական քարոզչությունն ավելի փաստարկված և հնարավորինս ընդգրկուն ծավալներով դիտարկել։ Վահագն Հովակիմյանն անդրադարձել է ԿԸՀ-ի ու ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի՝ օրեր առաջ ստորագրած համագործակցության հուշագրին, որը ենթադրում է 3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք օժանդակություն։
Հարց հնչեց այն մասին, թե արդյոք ԿԸՀ-ն գրանցելո՞ւ է բոլոր այն կուսակցություններին ու դաշինքներին, որոնք իրենց փաստաթղթերը կներկայացնեն ընտրական մարմնին, ինչին ԿԸՀ նախագահը վստահեցրել է՝ Ընտրական օրենսգրքով պահանջվող բոլոր փաստաթղթերի ներկայացումից հետո ԿԸՀ-ն չի կարող չգրանցել որևէ քաղաքական միավորի։
ԶԼՄ ներկայացուցիչները հետաքրքրվեցին նաև ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թվի վերաբերյալ, ԿԸՀ նախագահը վկայակոչելով ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոյեմբերին ԿԸՀ փոխանցած տվյալները, հաղորդեց, որ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2 մլն 462 հազար 71 է։
Բացի համապետական ընտրություններից հաջորդ տարի սպասվում են նաև հերթական ՏԻՄ ընտրություններ՝ թվով 46 համայնքներում։
Աշտարակ, Արտաշատ, Արմավիր, Գավառ, Վանաձոր, Հրազդան համայնքներում ավագանու լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 17-ին, Կապան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թվականի նոյեմբերի 30-ին, Եղեգնաձոր, Իջեւան համայնքների ավագանիների լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թվականի նոյեմբերի 22-ին։
Ընտրություններ են սպասվում նաև Ապարան, Արարատ, Մասիս, Արաքս, Բաղրամյան, Մեծամոր, Մարտունի, Սեւան, Վարդենիս, Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան, Փամբակ, Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նաիրի, Նոր Հաճըն, Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ, Վայք, Ջերմուկ, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքներում։
Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ տեղի կունենան Լոռու մարզի Ֆիոլետովո, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ, Արագածոտնի մարզի Արեւուտ, Մեծաձոր, Շամիրամ, Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։
ԿԸՀ նախագահը նաև խոսել է այս տարվա ապրիլի 10-ին ԿԸՀ-ի ընդունած 2025-2028 թվականների ընտրական համակարգի զարգացման ռազմավարական պլանի մասին, որով է պայմանավորված ԿԸՀ նոր կառուցվածքի ընդունումը։ ԿԸՀ նախագահն ընդգծել է, որ նոր կառուցվածքով ԿԸՀ-ն ունենալու է ուսումնական կենտրոն և ավելի համակարգված և ինստիտուցիոնալ է իրականացնելու ընտրություններում ներգրավված սուբյեկտների ուսուցումը։