
Արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց մոտ ամենահաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից է:
Այն հնարավոր է կանխարգելել և վաղ հայտնաբերել միայն սքրինինգային հետազոտությունների միջոցով:
Դեկտեմբերից մեկնարկել է Արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունների ծրագիրը, որն իրականացվելու է Մարդու պապիլոմավիրուսի հայտնաբերման (ՄՊՎ) պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ) թեստավորման միջոցով:
Սքրինինգն իրականացվում է առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություններ իրականացնող կազմակերպություններում:
Ովքե՞ր կարող են օգտվել ծրագրից.
30-ից 60 տարեկան կանայք՝ 5 տարին մեկ պարբերականությամբ, բացառությամբ՝
կանայք, որոնք երբևէ չեն ապրել սեռական կյանքով (virgo),
կանայք, որոնց մոտ վիրահատական միջամտությունից հետո բացակայում է արգանդի պարանոցը (վիճակ արգանդի էքստիրպացիայից հետո),
կանայք՝ ախտորոշված արգանդի պարանոցի քաղցկեղ կամ նախաքաղցկեղով։
Ինչպե՞ս է իրականացվում արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունը.
30–ից 60 տարեկան կանայք անցնում են ՄՊՎ թեստավորում։
Թեստի բացասական պատասխանի դեպքում հաջորդ սքրինինգային հետազոտությունը խորհուրդ է տրվում անցկացնել 5 տարի անց։
Թեստի դրական պատասխանի դեպքում կնոջն առաջարկվում է անցնել կոլպոսկոպիկ հետազոտություն, որն իրականցվում է հատուկ սերտիֆիկացված մասնագետների կողմից։
Կոլպոսկոպիկ հետազոտության ընթացքում ախտահարված օջախների կասկածի դեպքում կատարվում է արգանդի պարանոցի բիոպսիա՝ հետագա հյուսվածաբանական հետազոտությամբ։
Բացասական հյուսվածաբանական պատասխանի դեպքում առաջարկվում է ՊՇՌ թեստավորման կրկնում՝ 1 տարի անց։
Դրական հյուսվածաբանական պատասխանի դեպքում առաջարկվում է բուժական միջամտություն՝ գործող կլինիկական ուղեցույցներով։
Ծրագրի շրջանակում հետազոտությունների ողջ ծավալը և բուժումն իրականացվում են անվճար։
Մի՛ հետաձգիր, հետազոտվի՛ր:
Առողջապահության նախարարություն