2015-18թթ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի դժգոհություններին, թե երեսուն տարի խուլիգանները քանդել են օպերային թատրոնը:
Հիշեցնենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն իր աշխատանքային բազմափորձ կենսագրությամբ 2001 թվականին ստանձնել էր օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը եւ հենց Արմեն Ամիրյանի օրոք՝ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին, ազատվել օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի և երաժշտական ղեկավարի պաշտոնից՝ հաստիքի կրճատման պատճառով:
-Տհաճ է նման բաներ լսելը: Չեմ կարծում, որ միտումնավոր ինչ-որ սլաքներ է ուղղել: Պարզապես ամեն մարդ հիմա փորձում է արդարացնել իրեն ու ցույց տալ, որ ավելին է արել, քան անում է, ոչինչ, թող ասեն,- ասաց պարոն Ամիրյանը:
Արմեն Ամիրյանը սխալ արտահայտություն է համարում, «թատրոնը քանդել են» արտահայտությունը. «Ամեն ժամանակ իր ներդրումային ծրագրերն են եղել, իր առավելություններն ու արված գործերը: Մինչեւ իմ՝ նախարարի պաշտոնը ստանձնելը, ամբողջությամբ լուսային ու ձայնային էֆեկտներով հագեցած էր թատրոնը: Իմ ժամանակ եւս բավականին գործ արվեց՝ մասնավորապես՝ տիտրերի համակարգը տեղադրվեց վերեւում, վիրտուալ դեկորացիաների համակարգը, հիմա մանրամասներ չեմ հիշում՝ քանի ներկայացումներ դրսից բերեցինք: Կոնստանտին Օրբելյանի ղեկավարության տարիները օպերային թատրոնի համար եղել են զարգացող ու բեղուն տարիներ: Նման գնահատականներ տալը սխալ է ուղղակի»:
Արմեն Ամիրյանի խոսքով, 2015-ին Կարեն Դուրգարյանի՝ դիրիժորի հաստիքի կրճատումը եղել է օպերային թատրոնի տնօրենի հրամանով ու իր համաձայնությամբ: Իսկ թե ինչու էր կրճատվել հաստիքը, պարոն Ամիրյանը չմտաբերեց. «Չեմ հիշում հիմա պատճառը, բայց ինչ-որ խնդիրներ կային, չէր կարող հենց այնպես լինել: Անձի հետ կապված չէր, անձի հետ կապված որոշումներ երբեք չեմ կայացրել»:
Կարեն Դուրգարյանի հայտնած դժգոհությունից հետո, թե 30 տարի օպերային թատրոնը «քանդել են խուլիգանները», հանրային տարբեր գործիչներ շտապեցին Դուրգարյանին հիշեցնել, որ իր իսկ կողմից մատնանշված 30 տարիների ուղիղ կեսը՝ 15 տարի շարունակ ինքն անձամբ է կանգնած եղել օպերային թատրոնի ղեկավարման հիմքերում եւ, իր բնութագրմամբ, թատրոնը քանդելու համար է երեւի այդ տարիներին արժանացել երեք բարձրագույն պետական պարգեւի ՝ Մովսես Խորենացու մեդալ (2009) , Հայաստանի վարչապետի հուշամեդալ (2013), ՀՀ վաստակավոր արտիստ (2006):
Արմեն Ամիրյանը ազնիվ չի համարում մեդալներ վերցնելու ու մեղադրանքներ հնչեցնելու Դուրգարյանի քայլը. «Իհարկե, ազնիվ չէ, չի կարելի նման կերպ արտահայտվել: Հարիր չէ նման արվեստագետի, ինչպիսին Կարեն Դուրգարյանն է… Մի բան էլ հավելեմ, որ իմ ղեկավարման տարիներին ոչ միայն օպերային թատրոնը, այլ հիմնականում բոլոր թատրոնները 2017-ի ընթացքում գրանցեցին 31 տոկոսի ֆինանսական աճ, դա աննախադեպ բան էր, որ երբեք չէր եղել մշակույթի ոլորտում, եթե դա քանդելու հետ է կապված, ուրեմն թող արտահայտվեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: