«Ասում են հիբրիդային պատերազմ, բայց մենք ՌԴ օրակարգի առաջին տասնյակում էլ չկանք»․ Աբրահամ Գասպարյան

«Հայտնվել ենք օդից կախված վիճակում, Եվրոպան էլ ասում է՝ ի՞նչ է ձեզ պետք՝ փո՞ղ, կտանք այդ փողը, շարունակեք հակառուսական դիրքորոշումը որդեգրել։ Առանցքը՝ Հայաստանը հերթական պլացդարմը դարձնել հակառուսաստանյան և հակաիրանական գործողությունների համար»,-«Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում կազմակերպված «Հայաստանը՝ արտաքին ազդեցությունների թատերաբեմ» թեմայով պանելային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ, արևելագետ Աբրահամ Գասպարյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից ֆինանսավորմանը ՀՀ-ին՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար։

Ըստ նրա՝ երբ մենք խոսում ենք ռուսական, ամերիկյան, եվրոպական կամ իքս պետության՝ տվյալ ժամանակահատվածում ՀՀ-ի շահերից չբխող քաղաքականության մասին, դա չի նշանակում, որ մենք թշնամական վերաբերմունք ունենք այդ պետության նկատմամբ․ «Պարզապես որպես ինքնիշխանության ձայն ունեցող հանրություն՝ մենք մեր ձայնը պետք է բարձրացնենք այն ամենի հետ կապված, ինչը հակասում է մեր կենսական շահերին։ Ասում են հիբրիդային պատերազմ՝ մենք Ռուսաստանի օրակարգի առաջին տասնյակում էլ չկանք, ընդհանրապես որևէ պետության, գերտերության օրակարգում չկանք, քանի որ պարտություն կրած պետություն ենք, չենք ցանկանում ազգային ինքնությունը վերականգնել, աշխարհին որևէ խաղաքարտով չենք կարողանում ներկայանալ։ Եվրոպան Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ ինչի՞ շուրջ պետք է խոսի․ ՀՀ-ի ինքնիշխանության շուրջ կամ միջին միջանցքի շուրջ լուրջ սակարկություններ են գնում։ Դա կտաս, ինքը կկարողանա քեզ՝ որպես պլացդարմ օգտագործել հակառուսական և հակաիրանական հարաբերությունների համատեքստում»։

Ըստ Աբրահամ Գասպարյանի՝ Արցախը հայ դիվանագիտության հաղթաթղթերից մեկն էր բանակցություններում, քանի որ Հայաստանը՝ որպես այդպիսին հետաքրքրում էր աշխարհին արցախյան հակամարտությամբ։ Հիմա արցախյան հակամարտությունը չկա, հիմա դու քո ինքնիշխան տարածքի մի մասնիկը՝ Սյունիքը դարձրել ես սակարկման առարկա․, այսինքն` կոնֆլիկտը տեղափոխել մեր ինքնության, մեր պետության ինքնիշխան տիրույթ»։

Ըստ Աբրահամ Գասպարյանի՝ 2020-ից հետո ՀՀ-ն դարձել է անվստահելի գործընկեր․ «Հենց սա է պատճառը միջնորդավորված թուրք-ադրբեջանական լոբբիստական շահերը սպասարկող ազդեցությունների գոտի դառնալու։ Ներհայաստանյան քաղաքական օրակարգը թելադրված է Բաքվից ու Անկարայից»։

Հայաստանը՝ արտաքին ազդեցությունների թատերաբեմ» թեմայով պանելային քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment