ՀՀ կառավարության դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում է Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը: Առաջարկվում է այսուհետ համայնքային ու պետական հողերը Մայր Աթոռին եկեղեցիների շինարարության ու սպասարկման համար տրամադրել ոչ թե անհատույց սեփականության, այլ՝ անհատույց օգտագործման իրավունքով։
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված կարգավորման վերանայմանը, որպեսզի համապատասխան հողամասերը սեփականության իրավունքով տրամադրելու փոխարեն դրանք տրամադրվեն անհատույց օգտագործման իրավունքով. «Հաշվի առնելով, որ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածը վերաբերելի է պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելուն և օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով արդեն իսկ նախատեսված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն առանց մրցույթի, անհատույց պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման տրամադրում»։
Ըստ նախագծի, կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը հետեւյալն է. «Ներկայումս ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասով պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման համար: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին). առանց մրցույթի, անհատույց պետության և համայնքների սեփականության հողերի անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու փոխարեն՝ տրամադրել անհատույց օգտագործման իրավունքով։ Օգտագործման տրամադրելը արդեն իսկ նախատեսված է օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով»:
Հավելենք, որ նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: Կառավարության կողմից բերված կարգավորումները չեն վերաբերում մինչ այս պահը Մայր Աթոռին հանձնված հողերին։
Ստացվում է, որ կառավարությունն այլեւս սեփականության իրավունքով եւ անհատույց հողեր չի տրամադրի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն, այլ կկնքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրա կողմերի իրավունքներով, պարտականություններով ու ժամկետներով։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: