«2026-ի ընտրություններում մոնիտորինգի եւ վերահսկողության նոր գործիքներ ենք կիրառելու, համացանցում քարոզչությունը շատ հախուռն է»․ ԿԸՀ նախագահ

«2026 թվականի ընտրություններում մոնիտորինգի եւ վերահսկողության մի շարք նոր գործիքներ ենք կիրառելու»,- այսօր հրավիրած տարեվերջյան ասուլիսում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Նա նշեց, որ դա հնարավորություն կտա համացանցում տեղի ունեցող քարոզչությունն ավելի փաստարկված ու հնարավորինս ընդգրկուն ծավալներով մոնիտորինգի ենթարկել։ «Մեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն է ընտրություններին մասնակցող կուսակցությունների քարոզչության ֆինանսական վերահսկողությունն իրականացնում, եւ շատ արդյունավետ տվյալներ իրենց տրամադրության տակ կունենան»,- ասաց նա։

Նա մանրամասնեց, թե ինչ նկատի ունի, ասաց՝ ներկայումս համացանցում քարոզչությունը տեղի է ունենում հախուռն․ «Քաղաքական ուժերը վճարում կատարելով՝ գովազդներ են պատվիրել սոցցանցերին եւ իրենք մեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը ներկայացնում են հաշվետվություն, որ այսքան գումար փոխանցվել է, օրինակ, Ֆեյսբուքին։ Եվ որպեսզի համոզվենք՝ արդյոք ամբողջն են ներկայացրել, պետք է ունենանք համապատասխան գործիքակազմ, որպեսզի մոնիտորինգի ենթարկենք։ ԵՄ երկրներում անընդհատ կիրառվում են այս գործիքները»։

Հովակիմյանը նշեց՝ եթե նայենք Սահմանադրության կարգավորումները, այն ժամկետը, որը ենթադրում է ընտրությունների անցկացումը, հաջորդ տարվա հունիսի 2-12-ի միջակայքն է։ Այդ տասնօրյակում պետք է ընտրությունները տեղի ունենան։ «Գիտեք, որ ընտրությունները նշանակում է նախագահը, այսինքն՝ նախագահի հրամանագիրը դեռեւս չի եղել, բայց բոլորը ընտրությունների օրն արդեն արձանագրած ընթանում են առաջ, այն է՝ հունիսի 7։ Ինչո՞վ է դա պայմանավորված, նրանով, որ իմ այդ նշած ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է։ Այսինքն՝ եթե նախագահը որոշի այլ օր նշանակել, ոչ աշխատանքային օր հայտարարելու անհրաժեշտություն կառաջանա»,- հավելեց նա։

Վահագն Հովակիմյանն ասաց, որ հաջորդ տարվա աշնանը ՏԻՄ մեծ ընտրություններ են սպասվում՝ 46 համայնքում։

Մանրամասները՝ տեսանյութում

Գյումրիի, Փարաքարի եւ Վաղարշապատի ընտրություններին անդրադառնալով՝ Վահագն Հովակիմյանն ասաց․ «Մեզ համար ամենակարեւոր փաստն այն էր, որ ընտրությունների արդյունքները եւ 31 եւ 14 ընտրատարածքային հանձնաժողովները չբողոքարկեցին, եւ դատական կարգով արդյունքները չբողոքարկվեցին։ Բնականաբար, ընտրությունների ընթացքում լինում են թերություններ։ Ես ձեզ կարող եմ հավաստիացնել, որ Գյումրիի, Փարաքարի, Վաղարշապատի ընտրություններում չի եղել մեկ ահազանգ կամ խնդրի դիտարկում, որն անարձագանք մնա։ Մեր առաջնային մոտեցումը եղել է խնդիրն ու թերությունն օպերատիվ վերացնելը»։

Մանրամասները՝ տեսանյութում

ԿԸՀ նախագահն անդրադարձավ նաեւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների պարտադիր տարեկան ատեստավորման գործընթացին՝ նշելով, որ ատեստավորումն ավարտվել է։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment