«Երբ նոր էինք եկել, կառավարությունը մեզ շատ էր օգնում։ Բայց մեծամասնությունն արդեն սպառել է խնայողությունները, հիմա էլ կառավարությունը դադարեցրել է օգնությունը։ Ձմեռը շատ, շատ բարդ է լինելու ղարաբաղցիների համար»։
«Խաղաղության Հայաստանի ձգտումը եւ Ղարաբաղի փախստականների անտեսվելու վտանգը» վերնագրով հոդված է հրապարակել հակամարտությունների կարգավորմամբ զբաղվող «Միջազգային ճգնաժամային խումբ» ոչ կառավարական կազմակերպությունը։ Հոդվածագիրը Ջոշուա Կուցերան է, որը Հարավային Կովկասի փորձագետ եւ հայ-ադրբեջանական հակամարտության կոնֆլիկտաբան է։
Մեջբերումը Կուցերայի զրուցակից, Արցախից տեղահանված Կարինեից է։
«Ղարաբաղից տեղահանումը բաց վերք կմնա»
Հոդվածի էական հատվածը նվիրված է արցախցիների սոցիալական անվտանգությանը։
«Դեպի խաղաղություն հապճեպությունը Ղարաբաղի փախստականների մոտ տնտեսական, քաղաքական եւ բարոյական լքվածության զգացում է առաջացրել», – նշում է Կուցերան, ու շարունակում. «Եթե այս լարվածությունը չհասցեագրված մնա, Ղարաբաղից տեղահանումը բաց վերք կմնա հայկական քաղաքականության եւ հասարակության համար»։
Հունիսին կառավարությունը դադարեցրեց բնակարանային վարձակալության մուծման սուբսիդավորման ծրագիրը։ Փախստականները զրկվեցին ամսական 130 դոլար օժանդակությունից։
Գալիք հունվարից նախատեսվում է ավարտել խոցելի խմբերին՝ երեխաներին, թոշակառուներին կամ հաշմանդամություն ունեցող անձանց, հատկացվող ամսական 80 դոլար օժանդակությունը։
Բնակարանային ապահովման նոր ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է քաղաքացիություն
Հոդվածագիրն անդրադառնում է բնակարանային ապահովման նոր ծրագրի խնդիրներին։ Կառավարությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 8 հազարից 13 հազար դոլար ֆինանսական միանվագ հատկացում է նախատեսում՝ բնակարան գնելու համար։ Աջակցության չափը կախված է Երեւանից բնակարանի հեռավորությունից։ Որքան հեռու Երեւանից՝ այդքան բարձր աջակցությունը։
25 հազար ընտանիքներից ապահովման ծրագրի շահառու դառնալու համար ցայսօր դիմել է 3,810-ը։
«Քչերն են օգտվել ծրագրից», – գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ տասնամյակների անհամաչափ զարգացումից հետո Երեւանից դուրս առկա են աշխատանքային սահմանափակ հնարավորություններ։ Սրանով է բացատրվում Երեւանից հեռու թե՛ վարձակալությամբ, թե՛ սեփականության իրավունքով ապրելու դժկամությունը։
Բացի դա, ծրագրից օգտվելու համար նախ պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունել։
«Բայց շատ փախստականներ մտավախություն ունեն, որ 070 (արցախցիներին հատկացված ՀՀ անձնագրերը այս նիշերով են տարբերակվել – Ա․Ա․) համարակալմամբ փաստաթղթերից հրաժարվելու դեպքում նրանց չի արտոնվի վերադառնալ Ղարաբաղ կամ փոխհատուցում ստանալ գույքի համար, եթե նման մեխանիզմներ առաջանան», – բացատրում է Կուցերան։
Հոդվածը՝ հղում անելով փորձագետներին, հայտնում է, որ հայկական քաղաքացիության ընդունումը առ ոչինչ չի դարձնում վերադարձի եւ փոխհատուցման իրավունքները։
Նոր խնդիր․ արտագաղթ
Դժվարությունների ֆոնին ահագնանում է արտագաղթը։ «Երբ վարձակալության աջակցության ծրագիրը սպառվեց, շատ փախստականներ սկսեցին լքել երկիրը՝ մեծամասամբ հանգրվանելով Ռուսաստանում, որտեղ կենցաղավարության գինն ավելի ցածր է եւ արդեն իսկ շատ ղարաբաղցիներ էին ապրում», – ասվում է հոդվածում։
Հայաստանցիների «թաքնված վրդովմունքը» եւ արցախցիների թիրախավորումը
Կուցերան հոդվածում խորասուզվում է նաեւ Հայաստանում որոշ շրջանակների, այդ թվում՝ իշխանության, կողմից ղարաբաղցիների հասցեին ուղղվող կշտամբանքների մեջ։ Նրա խոսքով՝ ղարաբաղցի հայերի տեղահանումից հետո Հայաստանի հայերի մոտ արթնացել է «թաքնված վրդովմունքը», որը կապված է հայաստանյան քաղաքականության մեջ տասնամյակներ ի վեր ԼՂ հակամարտության կենտրոնական դերի հետ։ Նա, ի թիվս այլնի, հիշատակում է Արցախում զինծառայողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին հաղորդումները եւ Հայաստանի ղարաբաղյան ծագմամբ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ղեկավարումը։
Հայաստանցիների դժգոհությունները տեղահանված բնակչության մոտ տպավորություն են ստեղծում, թե նրանք անցանկալի են ՀՀ-ում։
«Սովորական մարդիկ քաղաքական գործիչներ չեն։ Փաշինյանն է Ղարաբաղը տվել Ադրբեջանին, ոչ թե մենք։ Պետք է նրան մեղադրել, ոչ թե մեզ», – ասում է Կարինեն՝ մեկնաբանելով այն մեղադրանքը, թե «ղարաբաղցի հայերը պետք է պայքար էին Ադրբեջանի դեմ, երբ այն հարձակվեց 2023-ին»։
Ընտրությանն ընդառաջ լարվածությունը կաճի
Հոդվածագիրը ներկայացնում է ղարաբաղցիներին թիրախավորող մեջբերումներ, որոնք արվել են սոցիալական հարթակների օգտատերերի կողմից։
«Բացասական հռետորաբանություն» են կիրառում, ասում է Կուցերան, նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ իշխող կուսակցության հետ փոխկապակցվող ԶԼՄ-ները։
«Շատերը սպասում են, որ 2026-ի խորհրդարանական ընտրությանն ընդառաջ լարվածությունը կաճի», – գրում է Կուցերան։
Փախստականները՝ քաղաքական ապատիայի մեջ
Նա ներկայացնում է նաեւ իշխանության մտավախությունները՝ նշելով․ «Իշխող կուսակցության ներկայացուցիչները եւ իրենց աջակիցները մտավախություն ունեն, որ ընդդիմադիր դաշինքը, փախստականները եւ Ռուսաստանը վտանգում են իրենց (գործող իշխանության – Ա․Ա․) աթոռակալությանը եւ, հետեւապես, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին»։
Նա միեւնույն ժամանակ հավելում է, որ ըստ հարցումների՝ փախստականները մեծապես ապատիայով են վերաբերվում քաղաքականությանը։ Թե՛ Փաշինյանի, թե՛ Քոչարյանի վարկանիշային թիվը միանիշ է, թեպետ Երկրորդ նախագահինը երկու տոկոսային միավորով գերազանցում է գործող վարչապետինը։
«Տունը միայն ապրելու համար արկղ չէ»
Հոդվածն ամփոփվում է՝ մատնանշելով արցախահայության կարոտը, ցավը, չարչարանքը։ Հոդվածագրի զրուցակիցները հիշատակել են «Էլվինա Մակարյանի երգը՝ աշխատանքային օրվա գեղեցիկ մեկնարկ» վերտառությամբ Փաշինյանի սոցցանցային երաժշտական վաղորդյան ռիլը, որը հաշվի չէր առել, որ այդ օրը Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման երկրորդ տարելիցն էր։
Մարդկանց ցավ է պատճառում նաեւ վերադարձի թեմայի փակումը Փաշինյանի կառավարության կողմից եւ վերադարձի թեմայի «վտանգավոր» համարվելը։
«Ուզում եմ տուն գնալ», – ասում է արցախցի մի կին։ «Բայց տունը միայն ապրելու համար արկղ չէ։ Դա այն դպրոցն է, որտեղ երեխաներս դասի կգնան, ինձ պաշտպանող ոստիկանությունն է, իմ լեզուն է»։
«Քանի դեռ ղարաբաղցի հայերը ցանկություն չունեն վերադառնալ Ադրբեջանի կողմից վերահսկվող Ղարաբաղ, Բաքուն էլ չի ցանկանում որեւէ այլ տարբերակ, ցանկացած կոմպրոմիս մնում է հեռապատկերում», – ասում է Կուցերան։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:


