Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու ավագա քահանա Տեր Վարուժան Տերտերյանը Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքության մոտ Հայ եկեղեցու ներկայացուցիչ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ «ԿԳԲ-ի ագենտ» լինելու մասին հրապարակումները համարում է հիմնազուրկ, Եզրաս Սրբազանին անհարիր։
Հիշեցնենք, որ փաստաթուղթ էր շրջանառվում, թե Եզրաս Սրբազանը «1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ»։
Տեր Վարուժան ավագ քահանա Տերտերյանը, ով եղել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ուսանողը հոգևոր ճեմարանում ու լավ է ճանաչում նրան, նախ առաջարկում է ուշադրություն դարձնել «գործակցել» բառի նշանակությանը, որը բազմաբովանդակ է։
Բացի այդ, ըստ նրա՝ կարևոր է ուշադրություն դարձնել նաև փաստաթղթում տեղ գտած տարեթվերին․ 1986-1988 թվականները բախտորոշ տարիներին էին։ Նրա հիշեցմամբ՝ ազատություն տրվեց եկեղեցուն, խոսքին, արժևորվեց եկեղեցու դերը և կարևորությունը, իսկ 1988 թվականին ղարաբաղյան շարժումն էր, ու չի բացառվում, որ սովետական ԿԳԲ-ն ուշադրության կենտրոնում պահեր Եզրաս Սրբազանի պես ազդեցիկ անձնավորությանը։
Ըստ մեր զրուցակցի՝ չի բացառվում, որ սովետական ԿԳԲ-ի ներկայացուցիչները նրան բարևեին, հայ համայնքում տիրող տրամադրությունների մասին հարցնեին՝ ելնելով վտանգավոր ժամանակաշրջան լինելու հանգամանքից, շոշափեին նրա կարծիքը ու դիմացինից թաքուն իրենց մոտ գրառում կատարեին, թե գործակցել են նրա հետ։
«Ես Սրբազանին ճանաչում եմ 1985 թվականից և միշտ երախտագիտությամբ եմ հիշում։ Ի պատիվ ինձ՝ նա ինձ դասախոսել է հոգևոր ճեմարանում, դասավանդել է «Հին կտակարանի մեկնություն», երբ առաջին կուրսում էի։ Երևակայեք, իրեն ճանաչել եմ իր ունեցած եկեղեցասիրութամբ, աստվածասիրությամբ, հայրենասիրությամբ։ Անկրկնելի մի անձնավորություն է։
Եռանդով լի է, ջիղով է, պատրաստակամ մարդկանց կողքին լինելու, իսկական հայ անձնավորություն։ Այն, ինչ լսեցինք վերջին օրերի ընթացքում, չեմ կարող հավատալ։
Այն, ինչ մարդիկ գրեցին, նույնիսկ մեկը կար, որ քունը կիսատ թողած՝ գյուտ արածի խանդավառությամբ եթեր մտավ, թե տեսեք, նայեք՝ ում հետ գործ ունենք, ովքեր են եղել մեր եկեղեցու մեջ, որ մինչև էսօր չենք ճանաչել և այլն, և այլն, անհավատալի է։
Ես այսօր էլ կարդացի, որ մարդիկ մերժեցին, ասում են՝ կեղծ է այդ փաստաթուղթը, անկարելի է նման բան լինի, շատ հստակ, մաքուր հայերենով մեկնաբանեցին։
Հիմա ես այս մասին չէ, որ ուզում եմ խոսեմ, ուզում եմ նայել այդ փաստաթղթի թվերին, այնտեղ նշված է, որ իբրև Եզրաս Սրբազանը գործակցել է, ու նա իբրև թե 15 հազարերորդն է։ Եզրաս Սրբազանը վերջի՞նն էր, ուրեմն այդքան էլ կան, բնականաբար՝ 20 հազար են, 30 հազար են և ավելին։
Ի՞նչ է սա նշանակում, Հայաստանում ամեն 100-ից 1-ը, կամ 150-ից 1-ը գործակա՞լ էր», -հարցնում է Տեր Վարուժանը։
Ըստ նրա, գործակցել բառը լայն, բազմիմաստ հասկացողություն է հայերեն լեզվամտածողության մեջ։
«Մեկին կարող ես բարև տալ, ողջունել և անկախ քո կամքից՝ քեզ իրենց գործակիցը համարեն։ Ամեն բառը ամեն մեկը մի բան կարող է մեկնաբանել։
Վիրահատություն ենք ասում, օրինակ՝ 3-4 ժամ տևող բժշկական միջամտությանը, վիրահատություն ասում ենք նաև 2-3 րոպե տևող գոյացության հեռացմանը, սա էլ է կոչվում վիրահատություն։
Կամ կռիվ ենք ասում, մեկը հասկանում է քաշքշոց, ֆիզիկական բախում, ծեծուջարդ, մեկ ուրիշը պարզապես կարծիքների տարբերություն։ Հիմա այս համագործակցության տակ այս ամենը կարելի է տեսնել, բայց մենք մոռանում ենք ժամանակաշրջանը՝ 1986-88 թվականները․ Եզրաս Սրբազանը 27-28 տարեկան խանդավառ երիտասարդ էր, ուսանում էր Լենինգրադի հոգևոր ակադեմիայում և միաժամանակ հոգևոր ծառայության էր կոչվել հայ համայնքում։
Այնտեղ ինքը տեսավ, որ հայկական ժառանգություն ունենք մնացած, և չէր կարող անտարբեր անցնել, իր բնավորությունն իմանալով եմ ասում։
Ինքն անմիջապես ձեռնամուխ եղավ, ձեռնարկեց, որ ունենանք համայնք և սիրտն ու հոգին կցավեր, եթե չկարողանար ձևավորել համայնքը, ակունքներում կանգներ, գլուխ կանգներ համայնքին։
Ռուսաստանի ողջ տարածքում մի քանի գործող եկեղեցիներ ունեինք՝ Մոսկվայում, Ռոստովում, Արմավիրում, բայց իբրև հայկական համայնքներ, ինչպես այսօր կան, չկային։ Իսկ Եզրաս Սրբազանը այն տեսակ հավատք ու հայրենասիրություն ուներ, որ անպայման պիտի կազմակերպեր, գլուխ հաներ, և բնականաբար այս ամենը չէր կարող աննկատ մնալ որևէ ուժային կառույցի կողմից, բնականաբար պիտի տեսնեին, թե այս երիտասարդն ով է, որ այսքան խանդավառ ապրում է, լինում իր հայրենակիցների կողքին։
Սանկտ Պետերբուրգում մտավորական խավ կա, ինտելեկտը պիտի թույլ տար այդ մարդկանց հետ հարաբերվելու։ Եզրաս Սրբազանն այս տեսակ անձնավորություն է, երբևէ այսօրվա գործը վաղվան չի թողել, նույնիսկ վաղվա գործն է այսօր արել։
Ինքը մեծացել է տոհմիկ քրիստոնյա ընտանիքում, ուր իր հայրը վեց զավակներին սովետական տարիներին բերում էր Մայր Աթոռ պատարագի, որոնց մեջ նաև Գարեգին Վեհափառն է եղել։ Այս տեսակ եկեղեցուն նվիրված հայր է ունեցել, և ես երջանկություն ունեցել եմ իր ծնողին ճանաչելու։
1986-ը զարթոնքի տարի էր, եկեղեցու դերն ու կարևորությունը ամենաբարձր մակարդակով պետության կողմից գնահատվեց այդ տարիներին և որոշ իմաստով ազատություն տրվեց եկեղեցուն, և Եզրաս Սրբազանը չէր կարող չօգտվել այդ ազատությունից և չէր կարող համայնք չձևավորել։
Եվ այդ ձևավորված օրինակելի համայնքը, որը հասցրել էր հարգանք վայելել, չէր կարող աննկատ մնալ տեղի իշխանությունների ու ուժային կառույցների ուշադրությունից։ Եվ այդ ազատությանը հաջորդեցին ազգային շարժումը, արցախահայության պահանջատիրությունը, ինչը դժբախտաբար վերածվեց ազգամիջյան բախումների՝ սումգաիթյան ու Բաքվի դեպքերին։
Բնականաբար անվտանգության կոմիտեն միայն արտաքին անվտանգության համար պատասխանատու չէր, նաև ներքինի համար էր պատասխանատու, և հարց է առաջանում՝ հետաքրքրված չէի՞ն լինի հայ համայնքի որպիսությամբ , մոտեցած չէի՞ն լինի Սրբազանին, ինչ-որ ձևով իրենց օգտակարությունն առաջարկած չէի՞ն լինի նրան։
Ես շատ լավ հիշում եմ, խորհրդային բանակում էի ծառայում, մեզ այդ օրերին արգելեցին զենքով հերթապահության գնալ։ Մենք մի պահ չհասկացանք՝ ինչ է կատարվում, օրեր հետո հասկացանք՝ ինչ է կատարվել Սումգայիթում, և ամեն միջոց ձեռնարկվեց, որ հուզումներ չլինեն, չվերածվեն հայ և ադրբեջանցի զինվորների միջև բախումների, որովհետև ամեն ինչ հնարավոր էր։
Եթե մեր նկատմամբ նման ուշադրություն կար, ոնց կարող էր ձևավորված համայնքում չմոտենային համայնքի ղեկավարին ու իրենց օգտակարությունն առաջարկեին։ Իհարկե, սա ենթադրություն է, ու չի բացառվում, որ ՊԱԿ-ի այս բարի տրամադրությունը ինչ-որ մի պաշտոնյայի կողմից գործակցության երանգ է ստացել։
Ամբողջ խորհրդային քաղբյուրոն մտահոգված էր, որ ամեն գնով խաղաղություն հաստատեին, նվազեցնեին ռիսկն ազգամիջյան բախումների, և բնականաբար Ռուսաստանի տարածքում ներհամայնքային կյանքում ևս պիտի այս ամենը դրսևորվեր։
Չեմ հավատում այս փաստաթղթին, բայց, ըստ երևույթին, փորձել են Եզրաս Սրբազանի կարծիքը շոշափել՝ հասկանալու համայնքային անհանգստություններ չկա՞ն, անհասկացողություն չկա՞, վտանգ չկա՞, ու սա էլ որակել են որպես գորակցության։
Սա իմ ենթադրությունն է, մարդուն բարև են տվել, հասկացել են, որ համայնքի գլուխ կանգնած անձնավորություն է, համայնքի ակունքներում գտնվող անձնավորություն է ու զրույցը վերագրել են գործակցության։ Եթե ենթադրյալ փաստաթղթում 1986-1988 թվականներն են նշված, ուրիշ ինչ լույսի ներքո պիտի նայենք, եթե ոչ այս ուշագրավ դեպքերի ներքո»։
Մեր զրուցակիցը նշում է, 1986-1988 թվականներին խորհրդային բանակում իր ծառայության ընթացքում արդեն իսկ տեղյակ էին, որ ինքը հոգևոր ճեմարանի սան է։ Այնտեղ զինվորական գրքույկից բացի մի այլ գրություն են ունեցել, որտեղ տվյալներ են եղել զինվորների մասին։
Եվ նա ծառայելու ժամանակ մշտական ուշադրություն է զգացել իր նկատմամբ բանակում գործող զինվորական հատուկ ծառայության կողմից։ Նրանք եկել են, փորձել հասկանալ նրա գաղափարները, թե հնարավո՞ր է հոգևորական լինելով՝ զենք վերցնել, կրակել, հավատարիմ լինել բանակում եղած կարգուկանոնին։
«Միգուցե այդ մարդը, որ իմ հետ մտերմություն ունեցավ, վաղը մյուս օր մի տեղ նշեց, թե գիտեք ինչ՝ գործակցել ենք այս անձի հետ։ Նշանակում է՝ ես գործակցեցի՞։ Հիմա նույնը Եզրաս Սրբազանի պարագայում է, կամ նույնն այս 15 հազարի պարագայում է, գուցե մարդուն մոտեցել են, մի բան են հարցրել ու նրանց վերագրել են, որ գործակից են։
Մենք մոռանում ենք, որ խորհրդային պետությունը թվերի պետություն էր, բայց թվերն ու իրականությունը տարբեր էին, վերջը պիտի ցույց տային, որ մի բանով զբաղվում են, որ այսքան կողմնակիցներ ունեին, ամեն բարև տվողի համարում էին իրենց պոտենցիալ գործակիցը, բայց նայում էիր, թվերը կային, իրականությունը չկար։
Եթե այս տրամաբանության ներքո ենք նայում այս ամենը, արդեն խիստ կասկածելի է թվում Եզրաս Սրբազանին վերագրվող փաստաթուղթը», -ասում է Տեր Վարուժանը։
Նա մեջբերում է Ավստրիայի հայ քաղաքացի, բժիշկ Առաքելյանի պատմությունը, որին սովետական տարիներին երկու անգամ հրավիրել են Մոսկվայում դասախոսությունների ու խնդրել՝ բժշկական ասպարեզում նկատած թերությունների մասին լուռ մնալ։
«Հիմա համարենք, որ այս մարդը գործակցե՞ց նրանց հետ, կամ եղավ Ավստրիայի լրտես, ուրեմն գործակցության տակ այն, ինչ վերագրում են Սրբազանին, թե ագենտ է, չգիտես օտարերկրյա գործակալ է, անիմաստ, անբովանդակ, անհավատալի տվյալներ են, իրականության հետ աղերս չունեցող։
Ես ենթադրում եմ, որ Սրբազանին 1-2 անգամ տեսել են, և այս տեսնելը, որպիսություն հարցնելը վերագրել են գործակցության։ Իմ կարծիքն է սա, և վստահ եմ այդպես էլ կա։ Այլապես 15 հազար թիվ, կամ 30 հազար թիվ անկարելի էր․ այսինքն 30 հազար հետախույզ ունեի՞նք կամ հակահետախույզ ունեի՞նք։
Եթե խորհրդային տարիներին մարդիկ հնարավորություն ունեին ճամփորդելու արտերկիր կամ Սովետական Միությանը քաղաքականապես շատ մոտ երկրներ, մարդկանց բացատրում էին՝ ուշադիր եղեք կամ տեսեք հայրենիքի մասին ի՞նչ են խոսում, տեսեք՝ մարդկանց կարծիքն ի՞նչ է Խորհրդային Միության մասին, սա էր ամբողջը։ Եվ այս աննշան բաներն են վերագրել գործակցության։
Անկարելի է հավատալ գրվածին, հասկացա, որ անակնկալ կերպով հայտնված փաստաթուղթը որևէ կերպ մարդկանց մոտ հավատ չի ներշնչում»,- ասում է ավագա քահանա Տեր Վարուժան Տերտերյանը ։
Ըստ նրա, եթե Եզրաս Սրբազանի մասին տեղեկություն են փնտրում, լավ կանեն Սանկտ Պետերբուրգի արխիվ գնան ու այնտեղից գտնեն, թե ով է եղել այդ անձնավորությունը 1986-88 թվականներին իբրև եկեղեցական, իբրև հոգևոր հայր, ինչ տեսակ գործունեություն է ծավալել։ Տեղի հայ համայնքը խանդավառված է եղել Եզրաս Սրբազանի կազմակերպչական ջիղից։
«Ես կցանկանամ, որ նրան քննադատողները գոնե Եզրաս Սրբազանի հայրենասիրության մի մասն ունենային։ Մենք մոռանում ենք, որ խոսում ենք հայրենասեր մի անձնավորության մասին, որն իր սրտն ու հոգին կտա իր հայրենիքի համար ու նրան վերագրում ենք այս տեսակ շինծու մեղադրանքներ։
Ես շատ լավ եմ հիշում երկրաշարժի հաջորդ օրը ինքը ինչպես էր շարժում հսկա քարերը, շատ ուժով էր, մարդիկ չէին կարողանում այդ քարերը շարժել , բայց ինքը շարժում էր, հաջորդ առավոտյան ինքը Գյումրիում էր, զգեստը հանած՝ փլատակների վրա էր։
Ամեն անգամ Եզրաս Սրբազանի Մայր Աթոռ գալը ուսանողներիս համար տոն էր, մենք սովորելու շատ բան ունեինք իրենից, թող արխիվները ստուգեն, տեսնեն՝ ով է եղել Եզրաս Սրբազանը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի համար։
Իսկ Սանկտ Պետերբուրգի համայնքում շատ մտավորականներ կան, այս մարդկանց հոգևոր պահանջները պիտի գոհացնել, այս մարդկանց հետ շփվելու եզրեր պիտի ունենալ, ուրեմն ունի, որ այս մարդիկ կապվել են այս անձնավորությանը։
Ցավ և ափսոսանք ենք ապրում, որ Սրբազանի վաստակը ըստ արժանվույն գնահատելու փոխարեն, ոմանք զբաղված են նրան զրպարտելով։
Ազգովի դժվարին օրեր ենք ապրում, բայց Աստծո առաջնորդությամբ սերն ու միասնությունը կհաղթանակեն», -ասում է մեր զրուցակիցը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:


