Գյումրեցի ու շիրակցի մարզիկներն այս տարի Հայաստանի,Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում նվաճել են ընդհանուր 620 մեդալ: Այսօր Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը տարեվերջյան հանդիպում է ունեցել տիտղոսակիր մարզիկների ու մարզիչների հետ, շնորհավորել հաղթանակների առթիվ ու շնորհակալություն հայտնել միջազգային հարթակներում Հայաստանի պատիվը բարձր պահելու համար: Մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո,Դավիթ Առուշանյանը նաև ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ ու պատասխանել է իր պաշտոնանկությանը վերաբերող հարցերին:
Սպորտային քաղաք Գյումրիում ամփոփվել են 2025 թվականի մարզական ձեռքբերումները: Շիրակի մարզպետի աշխատակազմում մեկ հարկի տակ էին հավաքվել ոչ միայն մեդալակիր հայտնի գյումրեցի մարզիկ-մարզուհիներն ու նրանց մարզիչները, այլև հայկական սպորտում մեծ ներդրում ունեցած լեգենդար սպորտսմենները:

Բոլոր ժամանակներում էլ հայրաքաղաքում ավելի զարգացած են եղել ըմբշամարտն ու ծանրամարտը և այդ ավանդույթներն այսօր շարունակում են երիտասարդ մարզիկները: 20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը այս տարի ևս հաղթական մրցելույթներ ունեցավ միջազգային մրցաշարերում: Նախ մեծահասակների ծանրամարտի առաջնությունում երիտասարդ ծանրորդուհին զբաղեցրեց պատվավոր երկրորդ հորիզոնականը, ապա երիտասարդների աշխարհի առաջնութանը դարձավ բրոնզե մեդալակիր,իսկ երիտասարդների Եվրոպայի առաջնությանը Ալեքսանդրան հռչակվեց Եվրոպայի չեմպիոն ու ճանաչվեց Եվրոպայի լավագույն ծանրորդուհի: Ալեքսանդրա Գրիգորյան:

«Շատ հպարտանալու է դա,2009 թվականից այս կողմ մեծահասակների աշխարհի առաջնությունում մեդալ չէինք ունեցել ու եղա առաջին մարզիկը,ով գրավեց մեդալ,մեդալ բերեց Հայաստանին,դրա համար ես հպարտանում եմ, որ կարողանում եմ մեր հայ ազգի պատիվը բարձր պահել»

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը նոր անուններով այս տարի մասնակցեց միջազգային մրցաշարերին: Նազիկ Ավդալյանին, Հռիփսիմե Խուրշուդյանին արդեն փոխարինման են եկել պատանիների ու երիտասարդների հավաքականների խոստումնալից ծանրորդուհիները, որոնց մեջ կրկին գերակշռում են գյումրեցի աղջիկները՝ նշում է ծանրամարտի պատանիների հավաքականի գլխավոր մարզիչ Քրիստինե Պետրոսյանը:

«Մենք տարին շատ լավ ամփոփեցինք: Առաջին մրցումը եղել է ապրիլին, Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, մասնակցել են մեր Շիրակի մարզից Ալեքսանդրան Գրիգորյան Ամրոյան Աննան,Պողոսյան Էմման, ունեցանք երկու փոխչեմպիոն: Դրանից հետո մասնակցել ենք երիտասարդների աշխարհի առաջնությանը , ունեցել ենք երկու բրոնզ, իսկ դրանից հետո էլ երիտասարդների Եվրոպայի առաջնությանը և երկու չեմպիոն, մեկ բրոնզե մեդալակիր»

Ծանրամարտից ու ըմբշամարտից բացի՝ չեմպիոնական մեդալներով Գյումրի են վերադարձել նաև բռնցքամարտիկները, սամբիստները, ձյուդոիստները, աթլետներն ու հրաձիգները: Գյումրիի հրաձգության մարզադպրոցի սաներ Գոռ Խաչատրյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ միայն նվաճել են Եվրոպայի չեմպիոնի ու փոխչեմպիոնի տիտղոսները, այլև օրեր առաջ նշանադրվել ու սպորտային ընտանիք են կազմել:

«Մարզադպրոցում ենք ծանոթացել, 5 տարի կլինի երևի արդեն, էդպես ստացվեց էլի, սիրահարվեցինք ու նշանադրվել ենք արդեն»
«Կամակորություններ չեմ ունեցել, 2022 թվականին սկսեցինք ընկերություն անել և արդեն համարյա չորս տարի էլ միասին ենք :Պատկերացնում եմ, որ կունենանք նույնպես սպորտային երեխաներ ,որ նրանք էլ կզբաղվեն մեր պես սպորտով ու հաջողություններ կունենան»:

Գյումրեցի ու շիրակցի մարզիկների նվաճած 620 մեդալները առանձնակի հպարտանալու առիթ են տալիս Շիրակի մարզպետին: Դավիթ Առուշանյանը վստահ է,որ 2026-ին հաղթանակները լինելու են շարունակական, ու գյումրեցի լեգենդար սպորտսմենները ավելի լսելի են դարձնելու Հայաստանի ու փոքրիկ Գյումրիի անունը ողջ աշխարհում:
«Դուք եք Գյումրու հպարտությունը, դուք եք Շիրակի մարզի հպարտությունը, դուք եք մեր բերանը լեզու դնողը,օր մենք կրնանանք բարձր ասենք,որ մեր մարզը աշխարհին էլ ցույց տալու բան ունի ,մեր մարզը օլիմպիական չեմպիոններ ունի , մեր մարզը աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ ունի»:
Մարզիկների ու մարզիչների հետ հանդիպումից հետո Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Մեկ շաբաթ առաջ մարզպետը իր պաշտոնավարման մեկ ամյակի առիթով ամփոփիչ ասուլիս էր հրավիրել, որը սակայն անսպասելիորեն չեղարկվեց: