Տեսախցիկները ֆիքսել են լրագրողի վրա հարձակվողներին, բայց իրավապահները չեն կարողանում գտնել

New day կայքի խմբագիր Անի Գեւորգյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Անի Գեւորգյանը ճանաչվել է տուժող:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին՝ Մայր Աթոռը գրոհելու օրը, Անի Գեւորգյանը իր մասնագիտական աշխատանքը կատարելիս մի քանի ցուցարարների հարձակմանն է ենթարկվել, վերջիններս հարվածել են նրան, վիրավորել:

«Այդ անձինք հայտնաբերված չեն, բայց այդ անձանց դեմքը պարզ երեւում է, թե՛ իմ տեսախցիկի, թե՛ այլ լրագրողի տեսախցիկի ֆիքսած կադրերով: Գործ ունենք ոչ թե լկտի պահվածքի հետ, այլ կոնկրետ մի քանի հոդվածով անցնող հանցագործության հետ՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը, հարկադրելը, որ չկատարի մասնագիտական գործունեությունը, Քրեական օրենսգրքով նախատեսված ֆիզիկական ներգործությունը, արդեն հարվածների մասին է խոսքը եւ տեղում հերթապահություն իրականացնող ոստիկանների անգործությունը:

Մենք մի քանի տեսանյութ ենք հրապարակել, որն ապացուցում է, որ ոստիկանները անգործության էին մատնված, կարծես թե իրենց գործողություններով, պաշտոնական լիազորությունները անփութորեն կատարելով կամ միտումնավոր չկատարելով՝ նպաստում էին Վեհափառ հայրապետի հեռանալը պահանջող քաղաքացիների հանցակազմ պարունակող պահվածքի շարունակությանը»:

Անի Գեւորգյանը Aravot.am-ին պատմեց, որ դեպքի օրը տեղում մի քանի անգամ դիմել է ոստիկաններին, սակայն որեւէ քայլ իր ահազանգով չի արվել. «Ես կարծում եմ՝ չեն հայտնաբերելու այդ անձանց, ինչպես Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակահատվածում իմ օպերատորին ջրի շշով հարվածողին, ինձ դրոշի կոթով հարվածողին: Իրենք քրեական գործը հարուցում են, որ աղմուկը նվազի, բայց երբ գալիս է արդեն հայտնաբերելու փուլը, չեն տեսնում, չեն կարողանում նույնականացնել անձին:

Երբ մարդու դեմքը պարզ երեւում է, խմբակը, որ այդտեղ կանգնած է, պարզ երեւում է, թող հարցնեն Արմավիրի մարզպետին, Թալինի քաղաքապետին կամ Խոյի համայնքապետին, որովհետեւ այդ խուլիգանական պահվածք դրսեւորողներին, այդ հատվածում, որ ես կանգնած էի, իրենք են բերել: Հենց մարզպետը ակտիվ շփվում էր ոստիկանների հետ, առերեւույթ հրահանգներ էր տալիս ոստիկաններին, թող այդ երեքին հարցաքննեն, հաստատ կասեն՝ իրենցից ով է բերել այդ խաժամուժին»:

Անի Գեւորգյանի խոսքով՝ իշխանությունները իրենց էջերում իրեն թիրախավորելուց հետո ստացվում է իրենց բերած խաժամուժով անցել են ֆիզիկական ներգործության. «Ուզում եմ ասել, որ իրենց մոտ որեւէ բան չի ստացվելու, ես եմ որոշում՝ որ իրադարձությունները պետք է լուսաբանեմ, որոնք՝ չէ, ես եմ որոշում, թե որ հանրային վայրում տեսանկարահանումներ անեմ, որտեղ՝ չէ: Որեւէ մեկը չի կարող իմ իրավունքները սահմանափակել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment