Երեւանի ավագանու նիստում ընդունվեց Երեւանի 2026 թվականի բյուջեն։ Քննարկումներն անցան բուռն մթնոլորտում։ Ավագանու ընդդիմադիր եւ իշխանական խմբակցությունների անդամները փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեցին միմյանց հասցեին։
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ասաց․ «Քաղաքական խոսույթի մասով, երբ մատնացույց են արվում կոնկրետ սեւ խոռոչներ, անհերքելի փաստեր են բարձրաձայնվում, ասում են՝ բա դուք էլ էսինչ մարդու հետ եք կապված։ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդն Անդրանիկ Թեւանյանն է, մենք էլ մասնակցելու ենք ընտրություններին։ Այո, մեզ շատ քաղաքական ուժեր սատարել են, բայց եւ Գյումրիում, եւ Էջմիածնում հստակ երեւաց, որ «Մայր Հայաստանն» ունի քաղաքացիական կոնկրետ աջակցություն»։
Մանուկ Սուքիասյանը հավելեց․ «Անդրադառնալով քաղաքական հայրերի թեմային, ասում եք՝ գուբերնիստ, չգիտեմ ինչ։ ԵՄ անդամակցության պրոցես եք սկսում դուք՝ իբր թե Հայաստանը դառնալու է ԵՄ անդամ, մեկ էլ գնում, ասում է՝ Լադիմիր Լադիմիրովիչ, «սպասիբո»։ Հիմա ո՞վ է գուբերնիստը։
Առհասարակ, երբ փորձում եք մեր այգին քար գցած լինեք, մի հատ հիշեք նախկինում ձեր արած հայտարարությունները։ Սարգսյան Արամն ասում էր՝ եթե հանկարծ Արայիկ Հարությունյանին գողանան, մենք էլ Ալիեւին կգողանանք։ Հիմա Արամ Սարգսյանն իրենց տանն է, Ալիեւն իրենց տանն է, իսկ Արայիկ Հարությունյանը՝ Բաքվի բանտում, դե գողացեք Ալիեւին։
Արամ Սարգսյանն ասում էր՝ թուրքերը կգան ատամնաբուժական ծառայությունների։ Արդեն թեթեւ ազդանշանը տվել է Էրդողանը, էդ Մարգարայի կամրջի մոտ մի հատ ատամնաբուժարան սարքեք, էն ատամնաբույժին էլ, որ տարել ֆեյք դպիր էիք սարքել պատարագի ժամանակ, էդ ֆեյք ատամնաբույժին տարեք դրեք ընդեղ, թուրքերի ատամները թող սարքի։ Էդ ատամնաբուժարանը, որ բացեք, Էրդողանը մի օր սահմանն անցնի, էդ բրբսնյակի ծաղիկներով Էրդողանին կդիմավորեք, կտանեք ատամները կբուժեք։ Ձեր կուսակցության անունն էլ փոխեք դրեք «վիլայեթ», դուք ուր, Հանրապետությունն ուր»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հարցադրում արեց՝ ի՞նչ են ուզում ընդդիմադիրները Երեւանից։ «Երբ օտարերկրացիները գալիս են Երեւան, մենք ամեն օր տեսնում ենք սոցիալական ցանցերում Երեւանը փառաբանող բազմաթիվ տեսանյութեր։ Փոխանակ դուք էլ ձեր բաժին մի բան անեք, որ քաղաքի վարկանիշն ամբողջ աշխարհում բարձրանա, ամբողջ օրը աղբ եք ման գալիս, որ նկարեք կամ ժամը վեցին կանգառում սպասում եք, թե երբ է կուտակում լինում, որ նկարեք»,- նշեց նա։
Գալջյանն անդրադարձավ նախկինում Երեւանում փակված մանկապարտեզներին․ «Մեսրոպ Մանուկյանն ասաց՝ բյուջեի քննարկման ժամանակ բմբուլները քամուն եմ տալու, մենք էլ փետրվար ամսին էդ բմբուլների մասին կխոսենք, երբ այստեղ էկրանների միջոցով ձեզ կներկայացվի Երեւանի գողացված եւ վաճառված մանկապարտեզների քանակը եւ դրանց իրական պատկերը, թե ինչ է կատարվել Երեւանում»։
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ ընդդիմադիր գործընկերները գալիս են այստեղ, ասում են՝ եկեք կառուցողական լինենք, բայց հակառակն են անում։ «Հարգելի գործընկերներ, եկեք կառուցողական լինենք, բայց մի միկրոշանս եթե լինի ինչ-որ բան բոյկոտելու, դուք ուզենալու եք լինել ապակառուցողական, էդ կոչերն էլ ինչի՞ համար են»,- նշեց նա։
Տիգրան Ավինյանն իր ամփոփիչ ելույթում անդրադարձավ Երեւանում կատարված աշխատանքներին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: