«Պարոն Ավինյան, Աջափնյակի թաղապետարանի աշխատակիցն ինչո՞ւ էր աշխատանքային ժամին զվռնում Մայր Աթոռի բակում»

«Սիրելի երեւանցիներ, հաջորդ տարի դուք 26 մլրդ դրամ գույքահարկ եք վճարելու, սիրելի երեւանցիներ, հաջորդ տարի չի լինելու նոր ճոպանուղին, չեն լինելու նոր ավտոբուսներ, ենթակառուցվածքներ, չեն լինելու նոր մանկապարտեզներ։ Երեք-չորս տարի նույն մանկապարտեզն եք կառուցում, լավ, էդ փողը ի՞նչ է եղել, որ գրել եք, բայց չեք ծախսել։ Երեւանը բեռնաթափված չի լինելու հաջորդ տարի, քաղաքացին իշխանությունը մի հատ ավտոկայանատեղի չի պլանավորում կառուցել։ Բայց դրա փոխարեն թաղապետերին 707 մլն դրամ գրեֆ է հասնում»,- Երեւանի ավագանու նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Նա նշեց, որ Երեւանի բյուջեն պետք է թափանցիկ լինի երեւանցու համար․ «Իմ համար համենայնդեպս լրիվ թափանցիկ է, ես տեսնում եմ՝ փողերը որտեղ են մսխվում, ինչ է լինում, ուր է գնում»։

Մեսրոպ Մանուկյանը դիմեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին․ «Պարոն Ավինյան, կարո՞ղ եք բացատրություն տալ, թե աշխատանքային ժամին Աջափնյակի թաղապետարանի աշխատակիցն ի՞նչ գործ ուներ, որ զվռնում էր Մայր Աթոռի բակում ու մի հատ էլ մեկնաբանություններ էր տալիս։ Կանաչապատման Բեգոյանի օֆիսի էն տղեն ի՞նչ գործ ուներ կամ շտապ օգնության ժողովրդին ուղարկել էիք, շտապ օգնություն էլ հետն ուղարկեիք։ Աշխատանքային ժամին քաղաքապետարանի աշխատակիցներն ի՞նչ իրավունք ունեն շրջիկ թափառախմբի անդամներ դառնան, դրա համա՞ր եք պարգեւավճար տալիս»։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանն էլ ասաց․ «Սիրելի քաղաքացիներ, փաստենք, որ փոքրամասնության կողմից ընտրված քաղաքապետը՝ 9 տոկոս ձայն ստացած քաղաքապետը եւ նրա կցորդ «Հանրապետություն» քույր կուսակցությունը, արդեն պարզ դարձավ, որ «Հանրային ձայն»-ն էր միացել, ձեզ համար 2026 թվականի հունվարին պատրաստեցին նոր նվերներ՝ թանկացումների տեսքով՝ գույքահարկ, տրանսպորտ, կարմիր գծեր, տեղական տուրքեր»։

Մանրամասները՝ տեսանյութում

Գեւորգ Ստեփանյանն անդրադարձավ հասարակական տրանսպորտում հսկիչների թիվն ավելացնելու որոշմանը, որն ավագանու այսօրվա նիստում ընդունվեց։ «Հունվարի մեկից էս մարդիկ 80 մլն դրամ ձեր վճարած հարկերից եւ տուրքերից տալու են այն 24 բոբո ձյաձյաներին, որ այդ ոչ բարեփոխված տրանսպորտում ձեզ տուգանեն, քանի որ իրենց համար ամենակարեւորը գումարն է, իսկ դուք՝ տուգանքի մատերիալ»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment