2 նորություն ԱՄՆ-ից՝ հայ-ադրբեջանական հարցերով․TRIPP-ով հետաքրքրված են Google-ը, Bechtel-ը և Tetra Tech-ը

ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատը (USACC) Վաշինգտոնում կազմակերպել է դեսպանների առաջին բարձր մակարդակի կլոր սեղան՝ նվիրված TRIPP նախաձեռնությանը։ Փակ դռների ետևում կայացած քննարկմանը մասնակցել են Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների դեսպաններ, ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Քննարկումների առանցքում եղել են ենթակառուցվածքների զարգացումը, տարածաշրջանային կապի ամրապնդումը և ԱՄՆ կայուն տնտեսական ներկայության ընդլայնումը Միջին միջանցքի երկայնքով։

Փակ դռների հետևում՝ բաց քննարկումներ, թե ենթակառուցվածքային ինչ հնարավորություններ ու ռիսկեր են ենթադրում TRIPP նախագիծն ու, ըստ այդմ, հաղորդակցային ուղիների գործարկումը։ Վաշինգտոնում օրերս անցկացված քննարկումներին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դիվանագիտական ներկայացուցիչներ՝ ներկայացնելով իրենց երկրների մոտեցումը նախաձեռնության զարգացման շուրջ։ ԱՄՆ պետդեպարտամենտի գրասենյակի տնօրեն և խաղաղության առաքելությունների հատուկ դեսպանորդ Վինայ Չավլայի փոխանցել է իր գնահատումը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև օգոստոսին ձեռք բերված խաղաղության համաձայնությունը ստեղծել է պատմական հնարավորություն, իսկ TRIPP-ը կոչված է այդ խաղաղությունը վերածել կայուն տնտեսական համագործակցության»։

Քննարկմանն ընդգծվել է նպատակը՝ շարունակելու երկխոսությունը կառավարությունների և մասնավոր հատվածի միջև՝ TRIPP նախաձեռնության արդյունավետ և երկարաժամկետ իրականացման համար։

ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատի գործադիր տնօրեն Նատիգ Բախիշովը ընդգծել է՝

«TRIPP-ը դուրս է գալիս ավանդական տարանցիկ նախագծերի շրջանակներից՝ համատեղելով ենթակառուցվածքային ներդրումները, համակարգումը և մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությունը»։

Հանդիպմանը տեղեկություններ են փոխանցվել, որ մասնավոր հատվածից հետաքրքրություն են հայտնել նաև ամերիկյան խոշոր ընկերություններ, այդ թվում՝ Google, Bechtel և Tetra Tech։ Քննարկվել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի մասնակցությունը նախագծերի ֆինանսավորմանը և ներդրումային ռիսկերի նվազեցմանը։

Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին առնչվող մեկ այլ  տեղեկություն էլ փոխանցել է Ամերիկայի հայկական համագումարը՝ ողջունելով  Ֆլորիդայից հանրապետական կոնգրեսական Գաս Բիլիրակիսի եւ Նյու Ջերսիից դեմոկրատ Ֆրենք Փալոունի՝ Ներկայացուցիչների պալատ ներկայացրած «Հայաստանի գործընկերային անվտանգության մասին ակտը»։

Օրինագծին միացել են նաեւ Կոնգրեսի հայկական հարցով խմբակցության մյուս անդամները։ Երկկուսակցական այս օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի էականորեն խստացնել Ադրբեջանի վարքագծի նկատմամբ ԱՄՆ վերահսկողությունը և ամրապնդել Ամերիկայի հանձնառությունը Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում։

Մեջբերում․ «Օրինագիծը պարտադրում է Պենտագոնի ղեկավարին՝ հավաստել, որ Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկել է «իմաստալից քայլեր» խաղաղության ուղղությամբ, այդ թվում՝ դուրս է բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, անվերապահորեն ազատ  արձակել բոլոր հայ պատանդներին և ճանաչել է Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը՝ միաժամանակ ապահովելով նրանց մշակութային և կրոնական ժառանգության հուշարձանների պաշտպանությունը»։

Ըստ օրինագծի՝ եթե Ադրբեջանը չի բավարարում նշված չափանիշները, պատերազմի նախարարությունը պարտավոր է անմիջապես վերանայել Հայաստանի անվտանգության կարիքները և առաջարկել քայլեր՝ Հայաստանի պաշտպանական կարողությունները ուժեղացնելու համար։ Օրինագիծը նաև արգելում է նախագահին հրաժարվել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածի կիրառումից՝ ապահովելով, որ ԱՄՆ հարկատուների միջոցները չկարողանան աջակցել կամ նպաստել ադրբեջանական ագրեսիային։ Կոնգրեսական Բիլիրակիսը հայտարարել է․

«Հայաստանը կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում և արժանի է իրական ու նշանակալի աջակցությանը՝ իր ինքնիշխանության և անվտանգության շարունակական սպառնալիքների պայմաններում»։   

Իր հերթին կոնգրեսական Փալոունը նշել է, որ չափազանց երկար ժամանակ Ադրբեջանին թույլ է տրվել «անպատժելիորեն ապակայունացնել Հարավային Կովկասը, իրականացնել մարդու իրավունքների սարսափելի խախտումներ և սպառնալ հայ ժողովրդին»։ Օրինագիծը պարտադրում է ԱՄՆ պաշտպանության նախարարին հավաստել, որ Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկել է «իմաստալից քայլեր» խաղաղության ուղղությամբ։ Կոնգրեսական Փալոունը օրինագիծը համարել է կարևոր քայլ՝ ակնկալելով, որ կոնգրեսական գործընկերների հետ գործակցությամբ այն օրենքի ուժ կստանա։    

Leave a Comment