Իրավապահ մարմինները հայտարարում են անդրազգային կիբեռհանցագործության բացահայտման մասին։ Խոսքն առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և համակարգչային հափշտակությունների գործի մասին է, որի նախաքննությունն արդեն ավարտվել է։ Միաժամանակ իրավապահները պարզաբանում են՝ ինչ փուլում է տուժածների գումարների վերադարձը, ինչու ֆինանսական բուրգերը միշտ չէ, որ կանխվում են սկզբնական փուլում, և ինչ դեր ունի քաղաքացիների իրազեկվածությունը։
Ավարտվել է անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և համակարգչային հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Դրանով զբաղվել են Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների վարչությունները՝ երկու անձի մասով։
«Պարզվել է, որ ՀՀ և օտարազգի մի խումբ քաղաքացիներ 2024 թվականի նոյեմբերին ստեղծել և մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը ղեկավարել են անդրազգային հանցավոր կազմակերպություն, որի շրջանակում ապօրինի գործունեությունը քողարկելու, հարկերից խուսափելու, հանցավոր եղանակով ձեռք բերված ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը թաքցնելու նպատակով իրավաբանական անձանց գրանցման իրավասու մարմնում ինչպես իրենց, այնպես էլ այլ անձանց անուններով գրանցել են մի շարք ընկերություններ և ներգրավել են կազմակերպության բազմաթիվ անդամների»:
Հանցավոր կազմակերպության անդամները, ներկայանալով տարբեր կեղծանուններով և հանդես գալով որպես իրավաբան, միջազգային ընկերությունների, կրիպտոհարթակների ներկայացուցիչ, ֆինանսական պատասխանատու, վարձակալված տարածքներից կատարել են իրենց դիտավորության մեջ ընդգրկված համակարգչային հափշտակություններ։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանցից մեկին ներկայացվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու մեղադրանք, մյուսին ներկայացվել է hանցավոր կազմակերպությանը մասնակցելու և առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու մեղադրանք։ Հանցավոր կազմակերպության ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մասնակցի նկատմամբ՝ տնային կալանքը: Վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Վերջերս ՆԳՆ ոստիկանության կիբեռոստիկանությունը, գործակցելով միջազգային գործընկերների հետ, հաջողությամբ արգելափակել էր վերջին ամիսներին Հայաստանում տարածված և բազմաթիվ քաղաքացիների ֆինանսական լուրջ կորուստների պատճառ դարձած Hellobit ֆինանսական բուրգի hellobitamh.com և hellobitarmenia.com դոմենային հասցեներով գործող կայքերի գործունեությունը։ Կիբեռոստիկանության ղեկավար Հայկ Մկրտչյանն ավելի վաղ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել էր, որ նախնական տվյալներ կան, թե որ երկրից և ովքեր են կանգնած ֆինանսական բուրգի հետևում, սակայն վարույթը նախաքննության փուլում էր, և այլ մանրամասներ չէին հանրայնացվում.
«Բնականաբար, չի բացառվում, որ հետագայում այլ անվանումով նույն հանցավոր մեխանիզմը կարող են փորձել տարածել Հայաստանի Հանրապետությունում։ Բայց քանի որ արդեն կա նախաձեռնված քրեական վարույթ, ուստի իրավական առումով մենք կաշկանդվածություն չունենք․ նոր դոմենային անվանումների, կայքերի ի հայտ գալու պարագայում դրանք կարգելվեն»։
Կիբերոստիկանության ղեկավարի խոսքով՝ ֆինանսական բուրգերի գործերով տուժած քաղաքացիների գումարների վերադարձը սկզբունքորեն հնարավոր է, սակայն սխալ կլինի այն ներկայացնել որպես արագ և երաշխավորված գործընթաց։
Կիբեռանվտանգության մասնագետ Արթուր Պապյանի կարծիքով՝ ավելի արագ ու արդյունավետ է կանխարգելել քաղաքացիների կորուստները, քան բացահայտել, թե որտեղից ու ովքեր են ղեկավարում այն․
«Դա բաց թողնված հնարավորություններից մեկն է, երբ կարելի է փորձել հասկանալ, թե որտե՞ղ է այն կետը, որտեղ մենք իրավազորություն ունենք ու էդտեղ արագ գործել։ Կայք փակելը երկար, բարդ, պրոբլեմային խնդիր է։ Իսկ, օրինակ, բանկերին ասել, որ հավելյալ ստուգումներ արեք, մարդկանց ասեք, որ թող ստորագրեն, որ իրենք հասկանում են ռիսկերը, հետո նոր անեն, այսինքն՝ պրոցեսը դանդաղեցնել, որպեսզի մարդու մոտ կասկած առաջանա ու ինքը ամեն տեսակ «hellobit» երին գումար չփոխանցի»։
Հայկ Մկրտչյանի պարզաբանմամբ՝ նման հանցագործությունների բացահայտումը պահանջում է երկարատև, փուլային և խորքային աշխատանք, ինչը հաճախ չի համընկնում տուժածների սպասումների հետ։ Արդյունքում քաղաքացիները երբեմն հրաժարվում են սպասել վերջնական արդյունքին՝ չնայած առկա հնարավորություններին։
«Պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ անգամ չնչին տոկոսային հնարավորությունը և նախնական գնահատումը իրականացվել է և տվել է այնպիսի արդյունք, որ քաղաքացին իր գումարը ետ է ստացել։ Հիմա այս պարագայում էլ ակտիվ աշխատանքները տարվում են հանցագործներին ամբողջապես բացահայտելու, հայտնաբերելու, ֆինանսական ռեսուրսները պարզելու ուղղությամբ»։
Միևնույն ժամանակ հանրության շրջանում հաճախ բարձրացվում է հարցը՝ ինչու իրավապահ մարմինները չեն կանխում ֆինանսական բուրգերի գործունեությունը դեռ սկզբնական փուլում՝ մասնավորապես չհեռացնելով դրանց գովազդները համացանցից։ Մկրտչյանի մեկնաբանությամբ խնդիրը ոչ թե կամքի, այլ իրավական լիազորությունների սահմանների մեջ է։
«Նախաձեռնված քրեական վարույթ կարող է լինել բացառապես հանցագործության փաստական տվյալների կամ հանցագործության փաստի առիթով։ Այդ փուլում մենք, որպես իրավապահ մարմին, ոչինչ չենք կարող անել, բացառությամբ վերջիններիս հորդորելուց, իրազեկել, որ հեռու մնան այդ հարթակներից»։
Այս համատեքստում կիբեռոստիկանությունը շեշտադրում է կանխարգելման այլ ուղի՝ քաղաքացիների մեդիագրագիտության և իրազեկվածության բարձրացումը։ Այդ նպատակով գործարկվել է կիբեռոստիկանության տելեգրամյան ալիքը, որտեղ քաղաքացիները կարող են ստանալ պատասխաններ իրենց հուզող հարցերին։ Ըստ ոլորտի պատասխանատուների՝ տեղեկացված քաղաքացին ինքնին դառնում է համացանցային հանցագործություններից պաշտպանության ամենաարդյունավետ գործոնը։
Հիբրիդային և կիբեռ սպառնալիքներին, ինչպես նաև ապատեղեկատվության տարածմանը հակազդելու ուղղությամբ Հայաստանի կարողությունների ամրապնդմանը աջակցելու պատրաստակամության մասին վերջերս հայտնեցին նաև ԵՄ երկրները։ Այդ նպատակով ԵՄ–ն 12 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին։