«TRIPP-ի հաջողության ապահովումը՝ որպես Միջին միջանցքի առանցքային բաղադրիչ, կենսական նշանակություն ունի». քննարկում ԱՄՆ–Ադրբեջան առևտրի պալատում

«ԱՄՆ–Ադրբեջան առևտրի պալատը (USACC) բարձր մակարդակի դեսպանական կլոր սեղան է կազմակերպել՝ նվիրված Միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի երթուղուն (TRIPP)՝ ընդգծելով այդ նախաձեռնության դերը որպես Կենտրոնական Եվրասիայում ԱՄՆ-ի վերականգնված ռազմավարական ներգրավվածության առանցքային հենասյուն»,- նշված է «ԱՄՆ–Ադրբեջան առևտրի պալատի հաղորդագրությունում:

Նշվում է, որ «փակ դռների հետևում անցկացված քննարկմանը մասնակցել են Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների դեսպաններ, ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև մասնավոր հատվածի առաջնորդներ՝ քննարկելու, թե ինչպես կարող է TRIPP-ն արագացնել ենթակառուցվածքների զարգացումը, ամրապնդել տարածաշրջանային փոխկապակցվածությունը և ապահովել ԱՄՆ-ի կայուն տնտեսական ներկայությունը Միջին միջանցքի երկայնքով»։

«Օգոստոսին Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը, որը միջնորդավորվել է այս վարչակազմի կողմից, պատմական հնարավորություն ստեղծեց։ TRIPP-ը հենց այն միջոցն է, որով մենք այդ խաղաղությունը դարձնում ենք կայուն՝ տրանսպորտային երթուղին վերածելով համատեղ բարեկեցության շարժիչի», – հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Խաղաղության առաքելությունների հատուկ բանագնաց և վարչության տնօրեն Վինայ Չավլան՝ նշելով.
«Ամերիկյան ընկերություններն ու կապիտալը կենսական նշանակություն ունեն այդ տեսլականի համար, և այս վարչակազմը հանձնառու է ապահովելու, որ նրանք մասնակցեն որոշումների կայացման գործընթացին»։

Քննարկման մասնակիցները շեշտել են, որ TRIPP-ը տարածաշրջանային «փոխկապակցվածության նախաձեռնությունների նոր սերունդ է՝ առանձնահատուկ իր հանրային-մասնավոր կառուցվածքով, բիզնեսի վրա հիմնված մոտեցմամբ և երկարաժամկետ առևտրային կայունության վրա կենտրոնացմամբ»։

ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատ գործադիր տնօրեն Նաթիգ Բախիշովը նշել է, թե TRIPP-ը դուրս է գալիս ավանդական տարանցման գաղափարների շրջանակից՝ միավորելով ենթակառուցվածքային ներդրումները, կարգավորիչ համակարգերի համակարգումը և մասնավոր հատվածի մասնակցությունը մեկ միասնական ռազմավարական շրջանակում։

Նրա խոսքով՝ TRIPP-ը դարձել է ԱՄՆ-ի նորացված ներգրավվածության որոշիչ տարրը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ավելի քան մեկ տասնամյակ անց առաջին անգամ տարածաշրջանային ինտեգրման և փոխկապակցվածության համար առաջարկելով շուկայական լուծումներ։

Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դեսպաններն ու բարձրաստիճան դիվանագետները ազգային տեսլականներ են ներկայացրել այն մասին, թե ինչպես կարող է TRIPP-ը լրացնել զարգացման ռազմավարությունները, բացահայտել անդրսահմանային համադրելիություններն ու բարձրացնել տարածաշրջանային տարանցիկ երթուղիների մրցունակությունը։

«Օգոստոսյան գագաթնաժողովը պատմական դեր խաղաց տարածաշրջանային խաղաղության գործընթացի առաջմղման գործում», — հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Խազար Իբրահիմը:— «Փոխկապակցվածության և համագործակցության սկզբունքները վաղուց են խթանվում Ադրբեջանի կողմից, որը արդեն հաստատել է ամուր գործընկերություններ Թուրքիայի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ ստեղծելով ամուր հիմք հետագա զարգացման համար։ Այս թափը իրական է, և մենք պետք է արագ առաջ շարժվենք։ TRIPP-ի հաջողության ապահովումը՝ որպես Միջին միջանցքի առանցքային բաղադրիչ, կենսական նշանակություն ունի»։

 «Նախագահ Թրամփի առաջնորդության շնորհիվ է, որ մենք կարողացել ենք ստեղծել այս խաղաղարար թափը և TRIPP-ը դիրքավորել որպես մեր տարածաշրջանային ռազմավարության հիմնական տարր», — ըստ հաղորդագրության՝ ասել է քննարկմանը մասնակցած ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, նշելով, թե «ԱՄՆ-ի ներգրավվածությունը կօգնի այս նախաձեռնությունը վերածել շոշափելի օգուտների Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և ավելի լայն տարածաշրջանի համար։ Ողջունում եմ մեր ադրբեջանցի գործընկերների հետ կառուցողական համագործակցությունը և այն փաստը, որ քննարկումները այժմ անցնում են կոնկրետ զարգացման նախագծերի փուլ։ Այսպիսի գործնական համագործակցությունն է, որ ապահովում է իրական տնտեսական և սոցիալական արդյունքներ»։

Քննարկման ընթացքում անդրադարձել են նաև ծրագրերի ֆինանսավորման, առևտրի խթանման և ներդրումային ռիսկերի նվազեցման հարցերում ԱՄՆ հաստատությունների, այդ թվում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի (DFC) դերին:

Նշվում է, թե ոլորտային տեսակետներ են ներկայացրել մասնավոր հատվածի ներկայացուցիչները, այդ թվում՝ Google-ը, Bechtel-ը և Tetra Tech-ը, ինչպես նաև տարածաշրջանային առևտրային միավորումները՝ ընդգծելով ամերիկյան ընկերությունների աճող հետաքրքրությունը TRIPP-ի և հարակից տարածաշրջանային նախաձեռնությունների միջոցով ստեղծվող առևտրային ու ներդրումային հնարավորությունների նկատմամբ։

Կլոր սեղան-քննարկումը եզրափակել են ընդհանուր գնահատմամբ, որ TRIPP-ը առաջարկում է եզակի հարթակ՝ համադրելու ԱՄՆ-ի ռազմավարական առաջնահերթությունները տարածաշրջանային տնտեսական ինտեգրման հետ՝ ստեղծելով մասշտաբավորվող և առևտրային առումով կենսունակ փոխկապակցվածության մոդել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար։

«ԱՄՆ–Ադրբեջան առևտրի պալատը վերահաստատել է հանձնառությունը՝ շարունակելու երկխոսությունը կառավարությունների, ԱՄՆ գործակալությունների և մասնավոր հատվածի միջև՝ աջակցելու TRIPP-ի հաջող իրականացմանն ու երկարաժամկետ ազդեցությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment