Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Լեհաստանի առաջնությունում։ Եվրոպական մրցասպարեզում ցուցադրած տպավորիչ խաղի շնորհիվ 26-ամյա ֆուտբոլիստը գրավել է մի քանի առաջատար ակումբների ուշադրությունը։
Մուլահուսեյնովիչը, ով «Նոա» էր տեղափոխվել իրանական տրանսֆերի ձախողումից հետո, դարձել է թիմի գլխավոր հարվածային ուժը։ Նրա վիճակագրությունն ընթացիկ մրցաշրջանում խոսուն է. Կոնֆերենցիաների լիգայի լավագույն ռմբարկու. 5 գոլով գլխավորում է մրցաշարի ռմբարկուների ցանկը։ Բոլոր մրցաշարերում հեղինակել է 9 գոլ։
Հայտնի ինսայդեր Ռուդի Գալետիի տեղեկություններով՝ բոսնիացի հարձակվողի համար պայքարի մեջ են մտել լեհական էքստրակլասայի երեք ներկայացուցիչներ՝ Վարշավայի «Լեգիան», «Ռակովը» և «Պոգոնը»։ Նշվում է, որ «Լեգիան» և «Ռակովն» արդեն պաշտոնական հարցումներ են կատարել ֆուտբոլիստի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։
Քանի որ Մուլահուսեյնովիչի պայմանագիրը «Նոայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը, հայկական ակումբը ակնկալում է զգալի տրանսֆերային փոխհատուցում։ Եթե գործարքը կայանա, դա կլինի «Նոայի» հերթական հաջողված տրանսֆերային քայլը, որն արդյունք է ակումբի՝ եվրոպական հարթակում գրանցած հաջողությունների։