ԱՄՆ-ն Վենեսուելայի ափերի մոտ առգրավել է ևս մեկ նավթատար` Վենեսուելա մեկնող և պատժամիջոցների տակ գտնվող բոլոր նավթատարների լիակատար շրջափակման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանից օրեր անց։
Վենեսուելայի իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես «գողություն» և հայտարարել են, որ կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի ԱՄՆ գործողություններն անպատիժ չմնան, գրում է BBC-ին։
Կարակասը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջադեպին միջազգային իրավական գնահատական տալու համար։
Սա նավթատարների առգրավման երկրորդ դեպքն է։ Այս անգամ առգրավված նավը, ըստ Վենեսուելայի հայտարարությունների, չի գտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ։
Վերջին շաբաթներին Միացյալ Նահանգները զգալիորեն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Վենեսուելայի ափերի մոտ՝ հայտարարելով, որ գործողությունները միտված են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին։
Սակայն Կարակասը վստահ է, որ Վաշինգտոնի իրական նպատակը ռեժիմի փոփոխությունն է և երկրի բնական պաշարների, հատկապես նավթի նկատմամբ վերահսկողության հաստատումը։
ԱՄՆ տվյալներով՝ սեպտեմբերից ի վեր Կարիբյան ավազանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող ավելի քան 20 նավ է կանգնեցվել կամ վնասազերծվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 87 մարդ։
Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ-ն առգրավել էր նաև Skipper խոշոր նավթատարը, որը հայտնվել էր ամերիկյան պատժամիջոցների տակ՝ Իրանի հետ կապերի պատճառով։
Շաբաթ օրը իրականացված գործողությունը, ինչպես նախորդ դեպքերում, իրականացրել է ԱՄՆ ափային պահպանությունը՝ ԱՄՆ զինված ուժերի աջակցությամբ։
Հատուկ նշանակության ջոկատը բարձրացել է նավի վրա, որն այդ պահին գտնվում էր միջազգային ջրերում։