ԿԳԲ-ի և ՖՍԲ-ի դրոշներ, սև պատռված դիմակներ՝ լյուստրացիա գրությամբ, պոլիէթիլենային աղբի տոպրակի մեջ Ֆելիքս Ձերժինսկու դիմանկար․ արվեստագետ Կարեն Քյուփելյանն ԱԱԾ-ի շենքի դիմաց իրականացրեց «Լյուստրացիա» խորագրով մշակութային ակցիա՝ նվիրված ԿԳԲ-ի օրվան։
Այս ընթացքում ԱԱԾ աշխատակիցները խոչընդոտում էին լուսանկարահանումը, լրագրողների մասնագիտական գործունեությանն էին նաև խոչընդոտում։ Այնուամենայնիվ, Կարեն Քյուփելյանին հաջողվեց ակցիան իրականացնել։
Aravot. am-ի հետ զրույցում նա ասաց․ «Ակցիան նվիրված է ռուսական ԿԳԲ-ի հիմնադիր ֆելիքս Ձերժինսկու ստեղծած հիմնարկի՝ ԿԳԲ-ի մասնագիտական օրվան։ Ճիշտ է՝ ՀՀ կառավարության որոշմամբ այն տեղափոխվել է հունվարի 8-ին, սակայն այս օրը՝ դեկտեմբերի 20-ը, մինչև հիմա մնում է՝ որպես ԿԳԲ-ի օր»։
Կարեն Քյուփելյանի կարծիքով՝ ՀՀ ԱԱԾ-ն ռուսական ԿԳԲ-ի մասնաճյուղն է՝ երևանյան գրասենյակը․ «Այդ հիմնարկի լյուստրացիան է հենց ՀՀ անկախությունը, հատուկ ծառայությունների լյուստրացիայով է սկսվում ինքնիշխանությունն ու անկախությունը։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ռուսները վագոններով տարան իրենց ամբողջ արխիվը՝ սև և մութ գործերը, որ բացահայտումներ կամ հետագա զարգացումներ չլինեն։ Բա լավ, 30 տարուց ավելի ՀՀ-ն անկախ հանրապետության քաղաքական որևէ ղեկավարություն չի ձեռնարկել քաղաքական որոշումով լյուստրացիա։ 30-ից ավելի տարի այդ մարդիկ ինչո՞վ են զբաղվել՝ ռուսական ԿԳԲ-ի ուղիղ ազդեցությունն այստեղ պաշտպանելով։ Ինքը համարվում է ՀՀ-ում ոչ թե դասական առումով հատուկ ծառայություն, այլ հենց քաղցկեղի օջախ, իսկ մետաստազները քաղաքական ուժերի մեջ են, վերնախավի, կառավարման համակարգի, ռազմական վերնախավի, պաշտպանության, մշակութային, բիզնեսի, արդյունաբերության բոլոր ոլորտներում։ Դրա համար եմ կարևորում հատուկ ծառայությունների լյուստրացիայի գործոնը։ Հայտարարվում է՝ խաղաղություն ու ժողովրդավարություն, բայց առանց ինքնիշխանության գրավականի դա չի լինի, առանց լյուստրացիայի չկա ինքնիշխանությունն ու անկախ պետականությունը։ 30 տարիների մեջ ներքին մեր կյանքում ինչո՞վ է զբաղված ԱԱԾ-ն․ զբաղված է՝ տվյալ օրվա իշխանությունների վերարտադրմամբ կամ քմահաճույքները բավարարելով։ Գաղտնալսումներ, գումարած կոմպրոմատների ձևավորում, ապատեղեկատվության և մանիպուլյացիաների կիրառելիություն։ Եթե մի քաղաքական իշխանություն զբաղված էր թալանով և կոռուպցիայով, նաև սպասարկում էր այդ ընտանիքների քրեաօլիգարխիկ համակարգի սպասարկմանը, դա նաև վերաբերվում է այսօրվա կրոնական ոլորտի հետ կապված։ Այսինքն՝ ով իշխանություն է, ԱԱԾ-ն նրան է ծառայում»։
Կարեն Քյուփելյանի հավաստմամբ՝ ինչքան էլ մարդիկ ընտրությունների հետ կապված հույս ունեն, որ կլինի մրցակցություն, բայց քանի չկա լյուստրացիա, այդ հիմնարկը՝ ԱԱԾ-ն, ապատեղեկատվությամբ և մանիպուլյացիայով հասարակական կարծիքի վրա մեծ ազդեցություն է ունենալու, որ կարողանա վերարտադրել իր սրտի ուզած առաջնորդին․ «Նույնն էլ առաջներում էր։ Ոչ թե ասեկոսեներով եմ ասում, այլ անձամբ՝ ինքս 20 և ավելի տարի ունեցել եմ բիզնես գործունեություն և ինքս եմ ականատես եղել, անձամբ ինձ հետ է եղել առնչությունն ԱԱԾ օրինազանցությունների հետ կապված։ Ինձ կեղեքել են, երբ ես բարձրաձայնել եմ, և ընթացք է ստացել, գործը գնացել է ծածկադմփոցի։ Նոյեմբերի 25-ին էպիզոդիկ, դատարանի որոշման մի էպիզոդով բարոյական վնասի փոխհատուցում են տվել 200 հազար դրամ։ Պետական պաշտոններ զբաղեցրած սպաները կատարել են պետության անունից հանցագործություններ, թալանել, կեղեքել, ռեկետ են արել, ամեն ինչով զբաղվել են, արդյունքում ՀՀ հարկատուի հաշվին ինձ տրվել է 200 հազար դրամ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվել։ Լյուստրացիան կտրելու է այս չարաբաստիկ շղթան, բոլորն էլ ունենալու են օրենքի առաջ հավասարություն, պատասխանատվություն։ Բոլոր հիմնական ուժային ոլորտներին է վերաբերում, և առաջինը ԱԱԾ-ին»։
Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կգնահատեք այն, որ ՀՀ-ն ԵՄ-ից աջակցություն է խնդրել «հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու» համար, Կարեն Քյուփելյանը պատասխանեց․ «Առաջինը աշխարհաքաղաքական՝ արևմուտք- արևելք առճակատման սկզբունքն է, որ հիմնականում Մոլդովայի ընտրությունների հետ կապված նմանատիպ քայլեր եղան։ Հիմա տարածված խոսույթ կա՝ ռուսական ագենտ, ԿԳԲ ագենտ, հարց է առաջանում՝ մեր այսօրվա երևանյան ԿԳԲ-ի գրասենյակը՝ ԱԱԾ կոչվածը՝ ռուսական ագենտները բռնելու են մյուս ռուսական ագենտների՞ն։ Եթե քաղաքական գործիչը, քաղաքապետը, կուսակցության ղեկավարը, կամ նախկին նախագահը կասկածի տակ է դնում պետության ինքնիշխանությունը, միջոցներ չեն ձեռնարկվում ուժային կառույցների կողմից, լյուստրացիայի հարցը հենց այդտեղ է։ Այսինքն՝ ԵՄ-ն ինչքան էլ աջակցի, ինքը միջից ռուսական է, դրա համար թերահավատությամբ եմ նայում այդ իրավիճակին։ Մրցակցություն է, թե ով ավելի շատ ռուսական նվիրվածությամբ կղեկավարի Հայաստանը, այդ արժեհամակարգին ավելի նվիրված կլինի։ Ինչի՞ քաղաքական ղեկավարները տարբեր ժամանակների լյուստրացիա չեն հայտարարում, որովհետև իրենց ձեռնտու է, վերարտադրման իշխանական լծակներ դա ունի, զուտ այդ առումով, մնացածը մանիպուլյացիա է, օգտագործելու են ԵՄ աջակցությունը քաղաքական նպատակներով, այսինքն՝ սև ու սպիտակ են խաղալու, մյուսներին հռչակելու են՝ որպես ժողովրդավարության թշնամիներ, Հայաստանի ինքնիշխանության թշնամիներ, իսկ տեսեք՝ ԵՄ-ն մեզ պաշտպանում է։ Նախկիններ ու ներկաներ կուրսի մեջ են ժողովրդին պահելու, մանիպուլյացիան աշխատացնելու է հենց ԱԱԾ-ն իր լրատվական և գործակալական ցանցով»։
Ակցիայի ավարտից հետո Կարեն Քյուփելյանը մեզ տեղեկացրեց, որ իրեն հրավիրել են ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին․ «Դատարանով ինձ պետք է կանչեն՝ որպես իրավախախտ»։ Հետաքրքրվեցինք՝ այսինքն՝ Ձեր ակցիան իրավախախտո՞ւմ են համարել, ի՞նչ հիմքով, նա պատասխանեց․ «Ինձ թուղթ չեն տվել ամեն դեպքում․ չգիտեմ՝ ինչ հիմքով»։
Ակցիան ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

