Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հավաքականները կիսել են 2025 թվականի Արաբական գավաթի խաղարկության երրորդ հորիզոնականը։ Այս մասին հայտնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) մամուլի ծառայությունը։
Հինգշաբթի օրը Կատարի Էր-Ռայան քաղաքի «Խալիֆա» մարզադաշտում կայացած երրորդ տեղի համար հանդիպումը, որն ընթանում էր 0։0 հաշվով, անավարտ է մնացել ուժեղ ամպրոպի և հորդառատ անձրևի պատճառով։ ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել չվերսկսել խաղը և բրոնզե մեդալները շնորհել երկու թիմերին էլ։
«Հանդիպումը հայտարարվում է ավարտված՝ 0։0 հաշվով։ Երրորդ տեղը կիսում են երկու հավաքականները, իսկ 3-րդ և 4-րդ տեղերի համար նախատեսված մրցանակային հիմնադրամի ընդհանուր գումարը կմիավորվի և հավասարաչափ կբաշխվի մասնակից երկու թիմերի միջև»,- ասված է կազմակերպության պաշտոնական որոշման մեջ։
Հավելենք, որ մրցաշարի հաղթող է ճանաչվել Մարոկկոյի հավաքականը, որը եզրափակիչում լրացուցիչ ժամանակում 3։2 հաշվով առավելության է հասել Հորդանանի ընտրանու նկատմամբ։