«600-700 մլն դոլարի ներդրումներ, 13 հազար աշխատատեղ, 130 մլրդ դրամ վճարված հարկեր»․ հանքարդյունաբերության ոլորտը՝ թվերով

«Հանքարդյունաբերության տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում 2021-ից մինչեւ 2024 թվականը նվազել է՝ 5,5 տոկոսից հասնելով մինչեւ 2,6 տոկոս։ Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ 2022 թվականից՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ, տնտեսությունը շատ արագ սկսեց աճել։ Բացի այդ, արդեն 2021 թվականից մենք ունեցանք Սոթքի հանքավայրի շահագործման հետ կապված խնդիրներ»,- այսօր «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը՝ թվերով» հետազոտության ներկայացման ժամանակ ասաց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սուրեն Պարսյանը։

Նա նշեց, որ 2023-2024 թվականները ՀՀ հանքարդյունաբերության համար եղել են որոշակի կայունացման ժամանակաշրջան։ Այս տարվա պաշտոնական ցուցանիշներով արդեն հանքարդյունաբերությունը 1,5 տոկոս աճ է ապահովել։ «Այսինքն՝ անցած տարիների անկումից հետո որոշակի աճ ունենք, սա որպես դրական հանգամանք պետք է որակենք՝ հաշվի առնելով այն բոլոր փորձությունները, որոնց միջով այս ոլորտն անցել է»,- ասաց նա։

Սուրեն Պարսյանը նշեց, որ ուսումնասիրել են նաեւ հանքարդյունաբերական ձեռնարկությունների կողմից առանձին համայնքներին վճարված մուտքերը՝ գույքահարկ, վարձակալության վճար, աջակցության ֆոնդեր եւ այլն։ Եվ պարզել են, որ հանքարդյունաբերական ձեռնարկությունները բավականին լուրջ մուտքեր են ապահովում ազդակիր համայնքների համար՝ մի քանի միլիոնից մինչեւ մի քանի հարյուր միլիոն դրամ, նույնիսկ առանձին դեպքերում՝ միլիարդի են հասնում այդ վճարները։

Նա նշեց, որ հանքարդյունաբերության ոլորտը նաեւ բարձր աշխատավարձով ապահովող ոլորտ է համարվում։ Մասնավորապես, Սյունիքի մարզում միջին աշխատավարձը 835 հազար դրամից բարձր է կազմում։ Սյունիքում բարձր աշխատավարձերի գործոնն իր ազդեցությունն է թողել նաեւ Հայաստանի աղքատության ընդհանուր ցուցանիշների վրա։ Օրինակ՝ 2023 թվականին աղքատության ցուցանիշը Հայաստանում 23,7 տոկոս էր, իսկ Սյունիքի մարզում՝ 7 տոկոս կամ մեկ այլ հանքարդյունաբերական մարզում՝ Լոռիում 14,2 տոկոս էր։ 2024-ին ցուցանիշներն ավելի են բարելավվել, եւ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Սյունիքի մարզում 2024-ին աղքատության ցուցանիշը կազմել է 6,2 տոկոս։ «Այսինքն՝ կարող ենք ասել, որ հանքարդյունաբերական ձեռնարկություններն առանձին մարզերի մասով բավականին լուրջ սոցիալական էֆեկտ են ապահովել»,- ասաց նա։

Սուրեն Պարսյանը հավելեց, որ հանքարդյունաբերության ոլորտն ավանդաբար եղել է ներդրումներ գրավող կարեւոր ճյուղերից մեկը Հայաստանում։ Այս ոլորտում վերջին 10 տարիների ընթացքում մոտավորապես 600-700 մլն դոլարի ներդրումներ են կատարվել։ 2024 թվականին այս ոլորտում ներդրումները բավականին նվազել են, եւ, Պարսյանի խոսքով, «Ամուլսարի» վերագործարկումը կարող է էապես բարելավել այս ցուցանիշը։

2024 թվականին հանքարդյունաբերական ընկերություններն ապահովել են 520 մլրդ դրամի շրջանառություն։ 2022-ի համեմատ շրջանառության որոշակի անկում է գրանցվել, բայց 2025-ին ցուցանիշների որոշակի բարելավում կա։ Ոլորտի շրջանառության վրա ազդել է ինչպես մետաղների գների փոփոխությունը, այնպես էլ հանքաքարի ծավալների ավելացումը։

Անդրադառնալով աշխատատեղերին՝ Պարսյանն ասաց, որ 2025 թվականի հուլիսի դրությամբ ոլորտում մոտ 13 հազար աշխատող կա․ «Հետաքրքիր , որ ոլորտի շրջանառությունը 2024-ին նվազել էր, բայց աշխատատեղերի թիվը շարունակական աճել է։ Իրավիճակն ավելի մտահոգիչ է մետալուրգիայի ոլորտում, որտեղ 2022-2025 թվականների ընթացքում ունենք աշխատատեղերի նվազում»։

2024 թվականին հանքարդյունաբերական ձեռնարկությունները միասին վճարել են շուրջ 130 մլրդ դրամի հարկեր, որից մեկ կազմակերպություն՝ կոնկրետ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» վճարել է 102 մլրդ դրամ հարկ։ «Այսինքն՝ մենք կարող ենք ասել, որ ոլորտի հարկերի 70 եւ ավելի տոկոսը բաժին է ընկնում հենց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։ Փաստի այս ոլորտում մենք ունենք մեկ ձեռնարկություն, որը հիմնական դերակատար է, եւ այդ ձեռնարկության լավ կամ վատ աշխատելը ոլորտի ցուցանիշները կտրուկ փոխում է»,- հավելեց նա։

Սուրեն Պարսյանն ասաց, որ այս ոլորտի ամենահիմնական խնդիրներից մեկն այն է որ պետական քաղաքականությունը պետք է լինի հստակ։ Այսինքն՝ երբ հանքարդյունաբերական ձեռնարկությունը ստանում է թույլտվություն՝ այս կամ այն հանքը շահագործելու եւ գործունեություն ծավալելու համար, ապա բոլոր երաշխիքները պետք է լինեն իր գործունեությունն իրականացնելու համար։ Ներդրողներից շատերը այս ոլորտում հենց դա են կարեւորում, որ իրենց պետք են երկարաժամկետ երաշխիքներ ու հնարավորություններ՝ իրենց ներդրումներն իրականացնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment