Ժողովին անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, տասը եպիսկոպոսների խոտոր ընթացքին և դրա պառակտիչ հետևանքներին, Եկեղեցու շուրջ տիրող իրավիճակի հաղթահարման ուղիներին։
Քննարկման առարկա դարձան հոգևորականների ու Եկեղեցու հավատավոր զավակների նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումները և քրեական վարույթներով իրավական գործընթացները։ Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց իր պահանջը ՀՀ իրավապահ և դատական մարմիններից, որ արդարադատություն, օրինականություն ապահովվի շինծու մեղադրանքներով ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և այլ նվիրյալ հայորդիների նկատմամբ։ Շեշտվեց, որ Մայր Աթոռը բոլոր հասանելի օրինական միջոցներով պետք է հետամուտ լինի Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանությանը, եկեղեցապատկան բռնազավթված սրբավայրերի վերադարձմանը։
Ստեղծված մտահոգիչ, Եկեղեցու և նրա աշխարհասփյուռ հոտի համար անցանկալի այս իրավիճակի հաղթահարման հրամայականից ելնելով՝ Գերագույն հոգևոր խորհուրդը հրատապ համարեց Եպիսկոպոսաց ժողովի գումարումը մոտ ապագայում։ Այս կապակցությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
Ժողովին առաջարկ ներկայացվեց համապատասխան քայլեր ձեռնարկելու միջազգային կազմակերպությունների և իրավապաշտպան կառույցների հետ գործակցության ուղղությամբ՝ կասեցնելու պետական քարոզչամեքենայի կողմից Եկեղեցու շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ տարածվող թյուր ընկալումները։
Ժողովականներն իրենց գնահատանքը հայտնեցին այս դժվարին օրերին Հայոց Եկեղեցու նկատմամբ հավատարմություն դրսևորած հոգևորականներին՝ փորձությունները արիությամբ, հավատով ու միասնականությամբ հաղթահարելու համար։ ԳՀԽ հորդորեց հոգևոր սպասավորներին հոգեխնամ առաքելության շրջանակներում պատշաճ իրազեկումներով գոտեպնդել իրենց հավատացյալներին և հորդորել զերծ մնալ Եկեղեցու միասնականությունը խաթարող երևույթներից։
Անդրադարձ կատարելով ժողովից առաջ՝ Երեկոյան ժամերգությանը, Մայր Տաճարի շրջափակում եպիսկոպոսաց կազմակերպած հավաքի պատճառով հրահրված անկարգություններին՝ Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտեց վանքի հոգևոր մթնոլորտը խաթարած հակաօրինական գործողությունները։ Ժողովականներն իրենց գնահատանքը հայտնեցին հավատավոր ժողովրդին, հակառակ կազմակերպված խժդժությունների, դրսևորած զգոնության, եկեղեցանվիրումի և հավատարմության համար»։