
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ամփոփել է 2025 թվականի մրցաշրջանը՝ տարբեր անվանակարգերում պարգևատրելով տարվա լավագույններին։
«Տարվա վերադարձ» անվանակարգում հաղթողն է հունահռոմեական ոճի ըմբիշ, Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի քառակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ Ըմբշամարտի Միջազգային ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում նաև տեսանյութ է հրապարակվել հայ մարզիկի անցած ուղու մասին։
Նշվում է, որ Ամոյանը դժվարին պայքար է մղել աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար՝ 2021 թվականին Օսլոյում իր վերջին տիտղոսը նվաճելուց հետո։ 72 կգ քաշային կարգից 77 կգ քաշային կարգի անցնելն ուղեկցվել է բավականին դժվարություններով։ 2022 և 2023 թվականների աշխարհի առաջնություններում, 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում, նա բավարարվել է բրոնզե մեդալներով։
2025 թվականը բեկումնային էր. Զագրեբի աշխարհի առաջնությունում 26-ամյա մարզիկը ցույց է տվել իր լավագույն գոտեմարտը։ Նա եզրափակչում 9-1 հաշվով հաղթել է գործող օլիմպիական ոսկե մեդալակիր Նաո Կուսակայի (Ճապոնիա)՝ դառնալով Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն։
«Ես աշխարհի չեմպիոն դարձա 2021 թվականին [72 կգ քաշային կարգում], բայց ես իսկապես ուզում էի դառնալ աշխարհի չեմպիոն 77 կգ քաշային կարգում։ Երկու տարի պայքարում էի վնասվածքների դեմ, և ոչինչ այնպես չէր ընթանում, ինչպես պետք է։ Բարեբախտաբար, այս աշխարհի առաջնությունում ես պատրաստ էի՝ մտավոր, ֆիզիկապես և ֆունկցիոնալ առումով, և Աստծո շնորհիվ ես կարողացա հաղթանակ տանել և դառնալ աշխարհի կրկնակի չեմպիոն»,- ասել է Ամոյանը։