Հայ և ռուս կոմպոզիտորների սիրված ամանորյա երգեր, ինչպես նաև հայտնի էստրադային և ջազային ստեղծագործություններ Նոր տարվա նախօրեին հնչեցին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում կայացած տոնական համերգի ընթացքում։
Հյուրերի համար ելույթ ունեցան «Ռոմանովիչ բենդ» նվագախմբի տաղանդավոր երգիչներն ու երաժիշտները՝ հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Մադաթ Ավանեսովի գլխավորությամբ։ Ստեղծագործությունների առաջին ակորդներից դահլիճում տիրեց ջերմ մթնոլորտ. հանդիսատեսը ծափահարություններով էր ընդունում յուրաքանչյուր կատարում և ոգևորությամբ ձայնակցում երգիչներին։
«Մենք մշտապես ջանում ենք տոնական տրամադրություն ստեղծել մեր հյուրերի համար, ովքեր արդեն լավ ընկերներ են դարձել։ Եվ ընդունված է Նոր տարին նշել ոչ միայն ընտանիքի, այլև ընկերների հետ», – երեկոն եզրափակեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Հայկ Մելիքյանը՝ բոլորին մաղթելով հաջողություն և բարգավաճում 2026 թվականին։

«Ես անչափ տպավորված եմ երեկոյից։ Հրաշալի համերգ էր, հիանալի երգեր, ջերմ մթնոլորտ… Մենք լցվեցինք դրական հույզերով։ Կցանկանայի, որ նմանատիպ միջոցառումները, որոնք տոնական տրամադրություն են ստեղծում, ավելի շատ լինեին։ Ուզում եմ իմ խորին շնորհակալությունն հայտնել Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնին և միջոցառման բոլոր մասնակիցներին», – համերգից հետո մեզ հետ իր տպավորություններով կիսվեց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան երրորդ քարտուղար Դմիտրի Կրասնովը։
Մելանյա Սուքիասյանը նույնպես կիսվեց իր հույզերով. «Ես իսկապես վայելեցի երեկոն. բոլոր երգերը ծանոթ էին և սիրված մանկուց։ Դահլիճում անմիջապես տոնական զգացողություն տիրեց. ես զգացի տոնածառի և մանդարինների հոտը։ Շնորհակալություն երեկոյի կազմակերպիչներին հրաշալի նախատոնական նվերի համար»։
Կենտրոնի նախասրահում հյուրերը կարողացան ծանոթանալ «Ամանորյա եղևնիների կախարդանքը» լուսանկարչական ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին աշխարհի տարբեր ծայրերում զարդարված ինքնատիպ անտառային գեղեցկուհիներ։
Նշենք, որ նախօրեին նմանատիպ համերգ տրվեց Գյումրիում՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև գյումրեցի հայրենակիցների համար։
Միջոցառումները կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը։