Մատենադարանը ամանորյա օրերին ներկայացրել է յուրահատուկ և բացառիկ ըմպելիք՝ «Մատենից. Արքայական բալասան», որը ստեղծվել է Մատենադարանի գիտաշխատողների երկարամյա ուսումնասիրությունների արդյունքում։
Այս մասին տեղեկացնում է Մատենադարանի հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորև. «Ամանորին ընդառաջ Ձեզ ենք ներկայացնում Մատենադարանի գիտաշխատողների ջանքերով ստեղծված բացառիկ ըմպելիքը՝ «Մատենից. Արքայական բալասան»:
Իր համային և որակական հատկանիշներով այս բալասանը նախատեսված է նրբաքիմք և նրբաճաշակ մարդկանց համար, իսկ ձևավորման առանձնահատկություններով և ազգային մշակույթի ոճավորմամբ ամանորի լավագույն նվերը:
Նուրբ և անորսալի համերի այս ծիածանը՝ «Մատենից. արքայական բալասան»-ը վաճառվում է միայն Մատենադարանի հուշանվերների կրպակում:
«Արքայական» բալասան-ըմպելիքը պատրաստված է հայկական միջնադարյան բժշկության հնավանդ, գաղտնագրված բաղադրատոմսով և թորման հատուկ եղանակով, որոնցով միջնադարում կենարար ըմպելիքներ են ստացել թագավորների ավյունն ու երիտասարդությունը պահպանելու համար:
Բալասանի բաղադրատոմսը միջնադարյան ձեռագրերից հայտնաբերվել ու վերծանվել է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ – Մատենադարանի ավագ գիտաշխատող, բժիշկ-բուսաբույժ Արմեն սարկավագ Սահակյանի երկարատև հետազոտությունների արդյունքում:
Այժմ բալասանը պատրաստվում է հնագույն ավանդույթներին հավատարիմ, կաղնե տակառների մեջ` բժշկարար աղոթասացությունների ուղեկցությամբ: Բալասանի պատրաստումը տևում է 3 տարի»: