Եկեղեցու պահպանության խորհուրդը կաթողիկոսին կոչ է արել «տիրադավների նկատմամբ ամենախիստ պատիժները» կիրառել

Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում տեղի ունեցածը ոչ թե «եկեղեցական մտահոգություն» էր, այլ կանոնական հեղաշրջման ձախողված փորձ և բացահայտ հարձակում հայոց պետականության հոգևոր հիմքերի վրա, հայտարարել է Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը: Խորհուրդը Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսից պահանջել է կիրառել «տիրադավների նկատմամբ կանոնական ամենախիստ պատիժները՝ ընդհուպ մինչև կարգալույծ հռչակելը»։

Երեկ 10 եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները հավաք էին հրավիրել Սուրբ Էջմիածնում, այնտեղ ներկայացրել նամակ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով:

«Տիրադավ և ուխտադրուժ եպիսկոպոսների խումբը, վերածվելով քաղաքական գործիքի, փորձեց փողոցային տրամաբանությունը ներարկել դարավոր Սուրբ Աթոռ, իսկ նամակ հանձնելուց հետո «առաքելությունն ավարտված» համարելը զավեշտալի է ու մերկացնող», – ընդգծել է եկեղեցու պահպանության խորհուրդը՝ սա որակելով «հոգևոր դավաճանություն»։

Ըստ խորհրդի՝ սա պառակտման գիտակցված սերմացանություն է, որն իրականացվում է ազգային միասնության հաշվին։

«Խիստ դատապարտելի է, որ այս եկեղեցաքանդ արշավը սնվում է ուղիղ պետական մակարդակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չուղղորդված», բայց հրապարակային աջակցությունն ապստամբ եպիսկոպոսներին ոչ այլ ինչ է, քան ցինիկ միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին, հատկապես պետական ռեսուրսները այս սատանայական գործին ծառայեցնելով և ոտնակոխելով մեր սահմանադրության կողմից եկեղեցու ինքննուրույնությունն ու անկախությունը երաշխավորող բոլոր դրույթները», – նշել է խորհուրդը։

Հայտարարության մեջ ասված է նաև, որ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի տարածքում ոստիկանական պատնեշների և «Վեհափառ» վանկարկող հավատավորների ներկայությունը փաստել է մեկ բան՝ ժողովուրդը թույլ չի տվել սրբապղծությունը։

Մայր Աթոռում հավաքվել էին նաև կաթողիկոսի բազմաթիվ աջակիցներ, ընդդիմադիր պատգամավորների, քաղաքական գործիչներ, նախաձեռնությունների անդամներ՝ իրանց աջակցությունը հայտնելով: Իր ելույթում Գարեգին Բ կաթողիկոսը սրբազաններին կոչ էր արել վերադառնալ կանոնական դաշտ:

Եկեղեցու պահպանության խորհուրդը գործող իշխանություններին հորդորել է դադարել խաղալ կրակի հետ:

Leave a Comment