Ընդամենը մի քանի օր առաջ, աշխարհի տարբեր քաղաքներում տարբեր պարբերականությամբ հրատարակվող ռամկավար ու թեքեյանական մամուլի օրգանները հայերեն, անգելերեն, իսպաներեն լեզուներով հրապարակեցին, նաեւ իրենց համացանցային հարթակներով ներկայացրեցին «ՌԱԿ համադրված մամուլ» անունով հանդես եկող միավորման հայտարարությունը ուղղված վարչապետ Ն. Փաշինյանին ու նրա վարչակազմին՝ պահանջելով անձեռնմխելիության երաշխիքներ տալ Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր եպիսկոպոսներին, թվով 55 կամ 56 հոգի, որոնք մասնակցելու են, ի կարգե եւ ի պաշտոնե, Վեհափառ Հայրապետի հրավիրած Եպիսկոպոսական ժողովին: Հայտարարության գլխավոր հորդորն ու պահանջը Հայ եկեղեցուն առիթ տալն էր՝ իր հարցերը ինքն իր ներսում լուծելու, առանց արտաքին ճնշումների, առանց խոչընդոտների եւ առանց խարդավանքների, քանզի հատկապես արտաքին թեմերում ծառայող եպիսկոպոսներից ոմանք խուսափում էին Մայր աթոռ գալ, մինչ ուրիշներ առաջարկում էին, անշուշտ ո՛չ հրապարակավ, ժողովը գումարել արտասահմանյան որեւէ կենտրոնում, ինչն անընդունելի է որոշապես:
Սակայն, ինչպես ասում են՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, ճիշտ այն հերթականությամբ, որը գծել էր Ն. Փաշինյանը նախորդ շաբաթ իր հրապարակած «Ճանապարհային քարտեզ» կոչվածում,- Վեհափառ Հայրապետի հեռացում, կաթողիկոսի տեղապահի, իբր, ընտրություն, նոր կանոնագրքի ընդունում, որը կամ որի կետերը մատնանշել էր ինքը՝ մե՜ծն եկեղեցաբանը, ջերմեռա՜նդ հավատացյալը, մեկ անգամ եւս ընդգծելով կիզակետը Եկեղեցով իր հետաքրքրության՝ եկամուտների հաշվառում եւ «հարկային օրենսդրության ապահովման երաշխիքներ», հարկեր, տուրքեր եւայլն: Իսկ քարտեզային ճանապարհի վերջում՝ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն՝ ըստ իր իսկ մշակած կանոնագրի, այսինքն՝ նոր պոլոժենյա: Ի՞նչ տարբերութուն՝ Նիկոլայ ցարի՞նը, թե՞ Նիկոլ վարչապետինը:
Եվ խոսքից ու քարտեզագրումից անցնելով գործի՝ Ն. Փաշինյանն իր հավաքագրած 10 եպիսկոպոսներին, որոնց իրավամբ «տիրադավ» է անվանում մեր հանրությունը, հրահանգեց վճռական հարված հասցնել Վեհափառ Հայրապետին եւ վերջնագրային լեզվով նրանից պահանջել հրաժարում: Եվ դա բավարար եղավ հավատացյալ մեր ժողովրդին նորից հանելու ոտքի, պոռթկալու, որի ականատեսն ու վկան եղանք բոլորս՝ ի տես Մայր տաճարում եւ շուրջը երեկ երեկոյան «Վեհափառ- Վեհափառ» վանկարկումով հավաքված բազմության վճռական ընդվզումին՝ թույլ չտալու որեւէ շեղում, որեւէ մեղանչում ընդդեմ Հայ եկեղեցու կանոնադրության, դարավոր ավանդույթների, չխառնվելու Եկեղեցու ներքին գործերին, մեկ անգամ եւս չոտնահարելու ՀՀ Սահմանադրությունը:
Ծագումնաբանորեն հունարեն ekklesia, եկեղեցի բառը նշանակում է հավատացյալների հավաքականություն՝ եկեղեցականներ ու ժողովուրդ ամբողջություն: Երեկ հավատացյալ մեր ժողովուրդն ասաց ի՛ր խոսքը:
Ով ականջ ունի, թող լսի:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
The post Ժողովուրդը դեն է շպրտում Նիկոլի «քարտեզը» appeared first on Ազգ.