Հայկական ընկերությունը 22 վագոն նավթամթերք է գնել ադրբեջանական SOCAR–ից

Ադրբեջանական նավթամթերքով բեռնված 22 վագոն Հայաստան է ուղևորվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունում է այս գործարքը։ Ներմուծումն արվում է մասնավոր ընկերությունների պայմանավորվածությամբ։ Հայտնի է, որ ներկրվում է ադրբեջանական SOCAR ընկերության արտադրած նավթամթերքը, իսկ թե հայկական որ ընկերությունն է գործակցում SOCAR–ի հետ, դեռ պարզ չէ։ Էկոնոմիկայի նախարարն առայժմ տեղեկություններ չի հաղորդում։

Շուտով Հայաստան կժամանի ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակը․ տեղեկությունը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունում է այս գործարքը։ Նա շեշտում է, որ այն կնքվել է մասնավոր ընկերությունների միջև, և դրա համար հիմք է հանդիսացել խաղաղության գործընթացը․

«Ողջունում եմ այդ զարգացումը։ Առևտուրը տեղի է ունենում մասնավորի միջև, բայց, իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել այդ առևտրի համար։ Իհարկե, նաև քաղաքական մակարդակի պայմանավորվածություններ են եղել, որ հնարավորությունների մասին երկու երկրների գործարար շրջանակները կտեղեկացվեն, և համապատասխան հետաքրքրության առկայության պարագայում նրանք արդեն գործարքները կկնքեն։ Գործարքը կնքված է, մուտք կգործի Հայաստան, ես, ճիշտն ասած, շատ մանրամասներով, խմբաքանակներով և այլն, չեմ տիրապետում․ գիտեմ, որ մի գնացք է գալիս, ինչքան է կոնկրետ, էդ ովքեր են, որ առևտուր են անում՝ իրենք ավելի կմասնավորացնեն, կամ  երբ որ արդեն մեր մաքսային ծառայությունները մտնեն երկիր և տեղեկության տիրապետեն, ես էն ժամանակ կտիրապետեմ»։

Հայաստան է ուղարկվում ադրբեջանական SOCAR ընկերության արտադրած 22 վագոն նավթամթերք։ Այս մասին տեղեկություն տարածվեց մի քանի օր առաջ։ Հայտնի է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել նոյեմբերի վերջին Գաբալայում՝ երկու երկրների սահմանազատման հարցերով հանձնաժողովների հերթական նիստի ժամանակ՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի միջև։

Այս թեմային մի քանի օր առաջ անդրադարձավ նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․

«Ճանապարհին հիմա նոր խմբաքանակներ կան։ Կգա, ես տոննաներով կհրապարակեմ։ Երբ որ գա, կգնամ կդիմավորեմ նավթամթերքը»։

Էկոնոմիկայի նախարարը, սակայն, չհայտնեց, թե որ ընկերությունն է ներկրում ադրբեջանական նավթամթերքը Հայաստան․ «Առևտրային գաղտնիք է, չեմ կարող ասել»։

Թեմային օրեր առաջ անդրադարձել էր նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա ասել էր, որ ներկրվող բենզինն իրացվելու է միջազգային գներով:

 «Վառելիքի հետ կապված հետագա ընթացքն արդեն մասնավոր արտահանողների և ներկրողների գործակցության տիրույթում է, իսկ հնարավոր գործարքների պայմանները լինելու են շուկայական»:

Վրաստանը, որի տարածքով էլ տեղափոխվելու է ադրբեջանական նավթամթերքը, հայտարարել է, որ առաջին տարանցման համար տուրք չի գանձի: Հետագա մատակարարումներին վերաբերող հարցերը կորոշակիանան ավելի ուշ՝ պարզաբանում է վարչապետ Փաշինյանը․

«Ինչ վերաբերում է հետագա ընթացքին, նաև ես գիտեմ, որ վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան, և հույս ունեմ՝ այդ հարցերը կա՛մ կկարգավորվեն, կա՛մ, եթե չկարգավորվեն, տրամաբանորեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր․․․ եթե այդ գործարքները շարունակեն հետաքրքիր լինել, այլընտրանքային ձևեր կփնտրեն՝ ներմուծումը և արտահանումը ապահովելու»։

Թե որքանով մրցունակ կլինի Հայաստան ներկրվող նավթամթերքը Ռուսաստանից ներկրվող վառելիքի նկատմամբ, կպարզվի ապագայում։

Ավելի քան երեք տասնամյակ տևած հայ–ադրբեջանական հակամարտությունից հետո առաջին անգամ՝ նոյեմբերի 6-ին, Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրվեց 1․000 տ ռուսական ցորեն։ Մեկ օր անց էլ Ադրբեջանի տարածքով Հայաստան հասավ ղազախական ցորենը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այժմ Ադրբեջանի տարածքով Հայաստան է առաքվում ցորենի նոր խմբաքանակ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշել էր, որ այլ ապրանքների գծով Հայաստան մատակարարումների շուրջ քննարկումները են ընթանում:

Leave a Comment