1990-1995 թվականներին Գերագույն խորհրդի պատգամավոր, գործարար Մեխակ Գաբրիելյանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածում առկա է բացթողում, քանի որ դրանով կարգավորված չէ դատական ակտով նշանակված տուգանքի վճարման վերաբերյալ իրավակարգավորումը սնանկ ճանաչված անձի դեպքում, այդ պատճառով էլ հակասություն է առաջանում Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու իրավունքների, ազատությունների եւ արժանապատվությունն ապահովող հոդվածների հետ։
Մեխակ Գաբրիելյանը 2025 թ. դեկտեմբերի 3-ին դիմել էր ՍԴ, խնդրել ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածը ճանաչել թերի՝ նշյալ խնդիրը չկարգավորված եւ վերացնել ՀՀ Սահմանադրության 23, 24, 61, 63 եւ 84 հոդվածներին հակասող այդ թերությունը։
Նա նաեւ խնդրել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից այն պատճառաբանությամբ, որ 2015 թ. սեպտեմբերի 24-ից ճանաչվել է սնանկ, դատական գործընթացները դեռեւս չեն ավարտվել, ինչպես նաեւ կենսաթոշակառու է, եւ իր միակ ապրուստի միջոցը կենսաթոշակն է։
Գաբրիելյանը ներկայացրել էր թիվ ԵԴ1/0368/13/25 դատական գործի դատավարական նախապատմությունը՝ նշել, որ թե Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատական ակտ կայացնելիս անտեսել են այն հանգամանքը, որ դիմողը, դատարանի կողմից ճանաչվելով սնանկ եւ գտնվելով սնանկության գործընթացում, ի վիճակի չէ վճարել դատարանի կողմից սահմանված տուգանքը, իսկ Վճռաբեկ դատարանը, վճռաբեկ բողոքը վարույթ չընդունելով եւ հիմնավորման մեջ արձանագրելով, որ առկա չէ իրավունքի զարգացման խնդիր, եւ դիրքորոշում չհայտնելով, նպաստել է խնդրի չկարգավորմանը, որի հետեւանքով էլ Սահմանադրության հոդվածների խախտումները մնացել են չլուծված:
Դիմողը նշել էր, որ Վճռաբեկ դատարանը, մերժելով գործը վարույթ ընդունելը, փաստացի խուսափել է ներկայացված հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց. «Դրանով իսկ նշյալ իրավիճակների դեպքում նպաստելով Սահմանադրության մի շարք հոդվածներով մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովող պահանջների չկիրառմանը»։
Ըստ Սահմանադրական դատարանի դատական կազմի. «դիմողը ձեւականորեն վիճարկելով նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ինչը Սահմանադրական դատարանում քննության ենթակա հարց չէ, ուստի գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով»։
Մեխակ Գաբրիելյանի անհատական դիմումով գործի քննությունը ՍԴ-ն իր ՍԴԴԿՈ–68 որոշմամբ մերժեց:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.12.2025
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: