Սահմանադրական դատարանում առկա դիմումի համաձայն՝ օրենսդիրը Վճռաբեկ դատարանին իրավունք է վերապահել ինքնուրույն որոշելու եւ գալու հետեւության, թե դատարան բերված վճռաբեկ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար են վարույթ ընդունելու համար, թե՝ ոչ։
Սահմանադրական դատարան դիմած Հովհաննես Գասպարյանը խնդրել էր իրեն ազատել պետական տուրքի վճարումից՝ պատճառաբանելով, որ թոշակառու է, իր միակ ապրուստի միջոցը կենսաթոշակն է։
Հովհաննես Գասպարյանը դեկտեմբերի 4-ի անհատական դիմումով խնդրել էր «Ազգային ժողովի կողմից ընդունված Քրեական դատավարության գործող օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր»։
Ըստ նրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում է Սահմանադրության 1-ին, 3-րդ, 61-րդ եւ 63-րդ հոդվածների պահանջներին, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, նաեւ ներպետական օրենսդրության պահանջներին եւ Սահմանադրական, Վճռաբեկ եւ միջազգային դատարանների կողմից արտահայտված դիրքորոշումներին։ Միաժամանակ Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթում առկա է իրավական անորոշություն, քանի որ պարզ չէ, թե դատարանն ինչի հիման վրա է գալիս հետեւության, որ բողոքը վարույթ ընդունելը պետք է մերժվի, եւ հստակեցված չէ, թե ինչու պայմանների վերաբերյալ հիմնավորումները բավարար չեն։
Դիմողի կարծիքով. «Քանի որ դատավորն ազատ է որոշում կայացնելիս եւ ինքնուրույն է գործում, ապա կարող է իր կամահայտնությունն արտահայտել առանց նշելու, թե ինչու է բողոքը ոչ բավարար չափով հիմնավորված»։
Սահմանադրական դատարանի որոշմամբ, տվյալ դեպքում դիմողի նկատմամբ Վճռաբեկ դատարանի «Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը կայացվել է 2025 թ. մայիսի 21-ին, իսկ օրենսգրքի 281-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ գրավոր ընթացակարգով վարույթների դեպքում Վճռաբեկ դատարանի որոշումներն ուժի մեջ են մտնում կայացման պահից։ Սահմանադրական դատարան դիմելու վեցամսյա ժամկետը հաշվարկելիս պետք է հիմք ընդունել 2025 թ. մայիսի 21-ը, որպիսի պայմաններում էլ դիմողի կողմից ՍԴ դիմելու համար նախատեսված ժամկետն ավարտվել է 2025 թ. նոյեմբերի 24-ին (նույն թվի նոյեմբերի 22-ը եւ 23-ը ոչ աշխատանքային օրեր են), մինչդեռ այս գործով դիմումը փոստային ծառայության եղանակով ՍԴ է ներկայացվել դեկտեմբերի 1-ին։ Այսինքն, դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6-ամսյա ժամկետը, ինչը հիմք է սույն գործի քննությունը մերժելու համար։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.12.2025
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: