«Նոայի» պաշտպան Գուդմունդուր Թորարինսոնը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության շրջանակում կայանալիք հանդիպմանն ընդառաջ խոսել է Կիևի «Դինամոյի» մասին։ Իսլանդացի ֆուտբոլիստը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք իրեն զարմացրել է մրցաշարից կիևցիների վաղաժամ դուրս մնալու փաստը։
«Իհարկե, սա մեծ ակումբ է։ Մենք դիտել ենք նրանց խաղերի տեսագրությունները՝ շատ լավ թիմ է, որն ունի լուրջ կատարողներ։ Նրանց դեմ մրցելը դժվար է լինելու, բայց մենք պատրաստ ենք այդ դիմակայությանը»,- նշել է Թորարինսոնը UA-Football-ի թղթակցի հետ զրույցում։
Անդրադառնալով մրցակցի անհաջող ելույթներին՝ պաշտպանն ասել է.
«Զարմացա՞ծ եմ արդյոք, որ «Դինամոն» ժամկետից շուտ դուրս մնաց պայքարից։ Սա բարդ մրցաշար է։ Կան բազմաթիվ գործոններ, օրինակ՝ տանը խաղալը կամ հյուրընկալվելը։ Այո, ես զարմացած եմ, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ մրցաշարի բարդությունը»։
Հիշեցնենք, որ «Դինամո» — «Նոա» հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 18-ին։