Բացառում եմ, որ Ադրբեջանը համաներում կիրառի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ. Սիրանուշ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը

– Տիկի՛ն Սահակյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում է համաներում հայտարարել: Որքա՞ն եք գնահատում հավանականությունը, որ այն կտարածվի նաև Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիների վրա, ի՞նչ է ենթադրում Ալիևի հայտարարած համաներումը:

– Հստակեցնեմ, որ երկու ինստիտուտ է կիրառվում, որոնք կարող են ազատել մարդկանց քրեական պատասխանատվությունից, մեկը ներումն է, մյուսը՝ համաներումը: Ներումը կարող է իրականացնել Ալիևը, և մենք տեսանք Սաֆարովի պարագայում, թե ինչպիսի կամայական հիմքերով նման ներում շնորհվեց, որն անպատժելիություն ապահովող մեխանիզմ էր, այլ ոչ թե՝ մարդասիրական քայլ: Եվ կա համաներում, որն ընդունվում է խորհրդարանի կողմից, ու ի տարբերություն ներման, երբ մենք անհատական դեպքի ենք անդրադառնում, համաներումը տարածվում է որոշակի կատեգորիայի արարքների կամ որոշակի պատիժների նկատմամբ: 

Այստեղ պետք է հասկանալ, թե օրենսդիր մարմինն ի՛նչ քաղաքականություն կորդեգրի: Որպես կանոն՝ հանրային վտանգավորությունը կորցրած արարքների պարագայում են կիրառվում համաներումներ, ու դա նախորդում է հիշարժան օրերի կամ տարեթվերի: Հասկանալի է, որ համաներում հանրային վտանգավորության հիմքով նրանք չեն ցանկանա կիրառել, միակ հավանականությունը, ճիշտն ասած, շատ մեծ չեմ համարում, երբ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում Ադրբեջանը կվճռի ազատ արձակել հայ բանտարկյալների, ու համաներումը ծառայի որպես իրավական հիմք: 

Նախկինում նրանք ազատ են արձակել առանց համաներման ակտերի, ու դա իրավական տեսանկյունից խոցելի է ու բացահայտել է գործընթացի ողջ քաղաքական դրդապատճառները: Միգուցե սխալների ուղղում կատարելու նպատակով նրանք հակված լինեն ազատ արձակմանը նախորդեն համաներման ակտ, բայց դրա հավանականությունը ես շատ փոքր եմ գնահատում: 

– Անգամ եթե խոսքը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասի՞ն չէ:

– Այո՛, ղեկավարության նկատմամբ համաներման տարածումը գրեթե բացառում եմ հիմա, իսկ եթե խոսքը 2020 թվականի գերիների կամ 2023 թվականի մարտական գործողությունների մասնակից անձանց մասին է, ապա այդտեղ ազատման հավանականություն տեսնում եմ, բայց, անկեղծ ասած, էլի չեմ տեսնում համաներումը: 

– Տիկի՛ն Սահակայն, իսկ ինչո՞ւ եք բացառում, որովհետև կողմերը խոսում են խաղաղության գործընթացի առաջընթացի, պայմանագրի ստորագրման ավելի քան իրատեսական լինելու մասին:

– Դա հնարավորություն է, որն արդի է մեկ այլ փուլում: Այսօր մենք դեռևս չունենք վավերացված համաձայնագիր, ավելին՝ գերիների խնդիրը դուրս է այդ համաձայնագրից, նրանք արհեստականորեն պատանդների ազատ արձակումը դուրս են թողել խաղաղության օրակարգից, սակայն և՛ միջազգային հանրությունը, և՛ քաղհասարակությունը հասկանում են, որ խաղաղության ապահովման միակ նախադրյալը մարդասիրական խնդիրների լուծումն է, իսկ այս պահի ամենահրատապ մարդասիրական խնդիրը, որը դեռևս լուծում չի ստացել, գերիների վերադարձն է, բռնի անհետացածների ու անհայտ կորածների խնդիրն է, ու առանց այս խնդիրների լուծման չի կարող ապահովվել իրական խաղաղության օրակարգ: 

Մենք հույս ունենք, որ այս գիտակցմամբ, միջազգային հանրությունը քաղաքական ու բարոյական ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա և կապահովի ազատ արձակումը՝ որպես խաղաղության նախադրյալ, ու դա կլինի նաև իդեալական լուծում: Եթե միջազգային հանրությունը ձախողի այս առաքելությունը, կարծում եմ, գերիների խնդիրը կարող է փակուղի մտնել: Խաղաղության համաձայնագիրը վավերացնելուց հետո այն հանգեցնելու է նաև միջպետական գանգատների հրաժարման, և դեկլարատիվ առումով խաղաղությունը հաստատված կլինի, բայց գերիների չլուծված խնդիրը կմնա բացառապես Ադրբեջանի իշխանության տիրույթում, ու այդ կամայականություններից պաշտպանվելու որևէ մեխանիզմ ուղղակի գործուն չի լինի: 

Այս խնդիրը պետք է լուծում ստանա մինչև խաղաղության գործընթացի եզրափակումը, ես տեխնիկապես չեմ բացառում նաև համաներման ակտի ընդունումը, ուղղակի երբ ուսումնասիրում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների դինամիկան, տեսնում ենք, որ դրանք բարձրագույն կետում չեն այս պահին, որպեսզի բոլոր հայ պատանդների ազատ արձակումը ադրբեջանական կողմը կազմակերպի: 

– Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վճիռներն արդեն ուժի մեջ մտե՞լ են, այդ մարդիկ հիմա կրո՞ւմ են սահմանված պատիժը:

– Ո՛չ: Հստակեցնեմ, որ մեղքի վերաբերյալ դատական ակտեր դեռևս կայացված չեն, ավարտվել է դատաքննությունը, որից հետո դատավարությունները մտել էին վիճաբանությունների փուլ, որտեղ մենք լսեցինք մեղադրական կողմի ելույթն ու պատժի առաջարկները, լսեցինք նաև պաշտպանական կողմի ճառերը, դրանց հաջորդում է ամբաստանյալների վերջին խոսքի իրավունքը, ու այս փուլն ավարտելուց հետո դատավորը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու: Այս պահին մենք չունենք դատավճիռ: 

Կարծում եմ, որ մինչև տարեվերջ դատական պրոցեսն ավարտվելու է, ու կամ տարեվերջին, կամ եկող տարվա սկզբին մենք արդեն կունենանք դատավճիռներ: 23-ից 7-ն են, որ ունեն դատապարտյալի կարգավիճակ, ընդ որում՝ երկուսը Ռաշիդ Բեգլարյանն ու Վագիֆ Խաչատրյանն են, հինգը՝ 2020-ի քաղաքացիական անձինք ու ռազմագերիներ են, իսկ մնացյալ 16-ի առնչությամբ մենք չունենք մեղադրական դատական ակտեր, ու նրանք ունեն կալանավորվածի, այլ ոչ թե դատապարտյալի կարգավիճակ:

– Իսկ Ռուբեն Վարդանյանի գործի մասով ի՞նչ զարգացումներ կան:

– Դատաքննությունն ավարտվել է, նիստը նշանակվել է դեկտեմբերի 18-ին, այսինքն՝ վաղը, ու նիստը կմեկնարկի դատախազի մեղադրական ճառով, ուստի պետք է տեսնենք՝ վերջնական ի՛նչ փաստարկներ են ներկայացվում, ու դատախազության կողմից ինչ պատժի առաջարկ է հնչեցվում: Միգուցե պարտադրվի նաև պաշտպանական կողմին ելույթ ունենալ, բայց իրականության մեջ պետք է գոնե մեկ-երկու օր ժամանակ տան, որպեսզի դատախազության ելույթը լսելուց հետո պաշտպանական կողմն էլ նախապատրաստվի ու նոր հանդես գա ելույթով, բայց հաշվի առնելով, որ այնտեղ իրավունքները չեն հարգվում, պաշտպանական կողմը կարող է հենց վաղն էլ ելույթով հանդես գալ: Մի հատ էլ եզրափակիչ խոսքի իրավունք կլինի, որից նախկին ղեկավարները, կարծում եմ, անպայմանորեն օգտվելու են: 

– Տիկի՛ն Սահակյան, եթե վճիռներն արդեն մտնեն ուժի մեջ, ապա բողոքարկման ի՞նչ մեխանիզմներ են գործում:

– Բողոքարկման մեխանիզմ կա, բայց պետք է արձանագրենք, որ այն ձևական է, նախկինում էլ որոշ հանրային պաշտպաններ բողոքարկել են ռազմագերիների վերաբերյալ դատական ակտերը, բայց արդյունքը մնացել է անփոփոխ: Մեր գնահատմամբ՝ ամբողջ դատավարությունը քաղաքական պատվերի հիման վրա իրականացվող գործընթաց է, ուստի բողոքարկումը ևս արդյունավետ չէ, պետք է իրացնել միջազգային ատյաններից օգտվելու մեր իրավունքները, որպեսզի կարողանանք ունենալ արդյունավետ իրավական պաշտպանության մեխանիզմներ: Վստահ եմ, որ դատական գործընթացներն ավարտվելու են մինչև այս տարվա վերջ, իսկ այսպես կոչված դատավճիռները կհրապարակվեն հաջորդ տարվա սկզբին: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Leave a Comment