Նիգերիայի բողոքը ՖԻՖԱ․ թիրախում նաև Նոայի դարպասապահն է — Armsport.am

Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական բողոք է ներկայացրել ՖԻՖԱ՝ վիճարկելով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) հավաքականի կազմը ԱԱ-2026-ի որակավորման փուլում։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

Նիգերիական կողմը պնդում է, որ Կոնգոյի ԴՀ հավաքականի կազմում որակավորման հանդիպումներին մասնակցել են 6-ից 9 ֆուտբոլիստներ, որոնք այդ իրավունքը չունեին։ Խոսքը երկքաղաքացիություն ունեցող խաղացողների մասին է, որոնք, ըստ բողոքի, չեն պահպանել քաղաքացիության փոփոխության ընթացակարգերը։

Հատկանշական է, որ այս խնդիրը կարող է ուղղակիորեն առնչվել նաև Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոթի Ֆայուլուին։ 26-ամյա դարպասապահը, որը հրավիրվում է Կոնգոյի ԴՀ հավաքական, նույնպես ունի երկքաղաքացիություն (Շվեյցարիայի և Կոնգոյի ԴՀ)։ Եթե Նիգերիայի փաստարկները հաստատվեն, ապա Ֆայուլուն ևս կարող է դիտարկվել որպես «խնդրահարույց» ֆուտբոլիստ։

Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Մոհամեդ Սանուսին պարզաբանել է իրավիճակը․

«Ըստ ՖԻՖԱ-ի կանոնների՝ եթե ֆուտբոլիստն ունի տվյալ երկրի անձնագիր, նա կարող է խաղալ այդ երկրի հավաքականում։ Այս տեսանկյունից ՖԻՖԱ-ն թույլատրել է նրանց մասնակցությունը։ Սակայն մենք պնդում ենք, որ ՖԻՖԱ-ին մոլորության մեջ են գցել՝ թույլտվություն ստանալով Կոնգոյի օրենսդրության խախտմամբ։ Կոնգոյի ներպետական օրենքներով՝ երկքաղաքացիությունն արգելված է։ Հետևաբար, մենք գործ ունենք խարդախության հետ»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի կեսերին կայացած ԱԱ-2026-ի աֆրիկյան գոտու որակավորման փլեյ-օֆֆի եզրափակիչում Նիգերիայի հավաքականը պարտվել էր Կոնգոյի ԴՀ-ին (1:1, 11մ՝ 3:4)։ Արդյունքում կոնգոցիները դուրս էին եկել միջմայրցամաքային փլեյ-օֆֆ, իսկ Նիգերիան զրկվել էր Մունդիալի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։

Leave a Comment