Շեշտը դնելու եմ նրանց վրա, ովքեր պատրաստ են հաղթել՝ անկախ տարիքից․ Իգոր Կոստյուկ

Վաղը՝ դեկտեմբերի 18-ին, Հայաստանի չեմպիոն «Նոան» Լյուբլինում կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի եզրափակիչ՝ 6-րդ տուրի հանդիպումը Կիևի «Դինամոյի» հետ։

Խաղից մեկ օր առաջ «Արենա Լյուբլին» մարզադաշտի մամուլի սրահում կայացել է ուկրաինական թիմի գլխավոր մարզիչ Իգոր Կոստյուկի նախախաղային մամուլի ասուլիսը։

— Պատմեք, խնդրեմ, ինչպե՞ս տեղի ունեցավ Ձեր նշանակումը «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնում՝ արդեն առանց «ժամանակավոր պաշտոնակատար» նախածանցի։

— Երեկ զրույց եմ ունեցել ակումբի նախագահի հետ, որի ընթացքում նա ինձ հայտնեց այդ նշանակման մասին։ Իսկ այսօր այդ տեղեկատվությունն արդեն հայտնվել է մամուլում։

— «Դինամոյի» նախագահը մրցաշրջանի երկրորդ հատվածի համար խնդիրներ դրե՞լ է Ձեր առջև։

— Ես այն մարդը չեմ, որն արագ հրաշքներ է խոստանում, բայց խոստանում եմ ազնիվ աշխատանք, հասկանալի գործընթացներ և այն, որ թիմի համար ամոթ չի լինի ո՛չ այսօր, ո՛չ վաղը։

— Դուք ակումբի հետ պայմանագի՞ր եք կնքել, թե՞ առայժմ խոսքը բանավոր պայմանավորվածության մասին է։

— Նախագահի հետ խոսել եմ հեռախոսով։ Վիրտուալ պայմանագիր ստորագրել չեմ կարող (ժպտում է)։ Կարծում եմ՝ մրցաշրջանի ավարտից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի։

— Ինչպիսի՞ն է կադրային իրավիճակը թիմում։

— Ցավոք, վնասվածք ունեցողները նույնն են՝ Բույալսկին, Պոպովը, Բիլովարը, Բրաժկոն։ Խաղը բաց կթողնի նաև Տիարեն՝ դեղին քարտերի քանակի պատճառով։ Մնացած բոլորը պատրաստ են խաղալ։

— Արդյոք դա լո՞ւրջ կորուստ է պաշտպանության կենտրոնի համար։

— Իհարկե, դրանք կորուստներ են, բայց վերջին խաղերում այդ դիրքերում խաղացել են Միխավկոն ու Զախարչենկոն, ուստի կարծում եմ՝ գլուխ կհանենք, և դա կրիտիկական չի լինի մեզ համար։

— Դուք հիանալի ճանաչում եք «Դինամոյի» երիտասարդներին։ Այդ տղաներից որևէ մեկը շանս ունի՞ հայտնվելու գլխավոր թիմում և դառնալու հիմնական կազմի լիարժեք խաղացող։

— Այո, իհարկե։ Տեսնում եք, որ մենք արդեն ներգրավում ենք երիտասարդներին։ Այդ տղաներից յուրաքանչյուրը հիմնական կազմի պոտենցիալ խաղացող է։ Մենք հույս ենք դնում նրանց վրա։ Ես շեշտը դնելու եմ նրանց վրա, ովքեր պատրաստ են հաղթել՝ առանց տարիքին նայելու։

— Հույս կապո՞ւմ եք Բլենուցեի հետ։ Ինչո՞ւ նա դադարեց կայուն կերպով հայտնվել խաղային հայտացուցակներում։

— Նրա մոտ ընտանեկան ինչ-որ հարցեր էին առաջացել, թույլտվություն խնդրեց և մեկնեց տուն։ Իսկ ինչ վերաբերում է հայտացուցակում ոչ միշտ հայտնվելուն, ապա մենք ներկայումս ունենք երեք լիարժեք հարձակվող, ուստի ընտրությունը կատարել ենք ըստ դիրքերի՝ հաշվի առնելով նաև նրանցից յուրաքանչյուրի խաղային պրակտիկան։

— Վերջերս խաղացիք «Ֆիորենտինայի» դեմ, որի կազմում հանդես է գալիս Էդին Ջեկոն։ «Նոայի» կազմում ևս կա ուժեղ հարձակվող՝ Նարդին Մուլահուսեյնովիչը։ Ի՞նչ սպասել նրանից։

— Ջեկոն մեզ գոլ չխփեց «Ֆիորենտինայի» հետ խաղում։ Կարծում եմ՝ դա չի հաջողվի նաև «Նոայի» բոսնիացի հարձակվողին։ Ամեն ինչ կանենք դրա համար։ Սակայն նա շատ հզոր հարձակվող է, հետևել ենք նրան և տեղեկատվություն ունենք նրա մասին։

— Ի՞նչ կարող եք ասել «Նոայի» մասին։

— «Նոան» հզոր թիմ է, մենք վերլուծել ենք նրանց խաղը։ «Նոայի» կազմում մեծ թվով որակյալ լեգիոնականներ կան։ Իհարկե, մեզ համար հեշտ չի լինելու, բայց մենք ուսումնասիրում ենք մրցակցին։ Ուժեղ և թույլ կողմերի մասին հիմա չեմ խոսի, դա կքննարկենք թիմի ներսում։

Leave a Comment