Կիևի «Դինամոն» կադրային լուրջ խնդիրներով է պատրաստվում Կոնֆերենցիաների լիգայի՝ «Նոայի» դեմ կայանալիք հանդիպմանը։ Հինգշաբթի օրը կայանալիք խաղը բաց կթողնի միանգամից 6 ֆուտբոլիստ։
Ինչպես հաղորդում է UA-Футбол-ը՝ վկայակոչելով թիմի գլխավոր մարզիչ Իգոր Կոստյուկին, վնասվածքների պատճառով հայտացուցակից դուրս են մնացել Դենիս Պոպովը, Քրիստիան Բիլովարը, Վիտալի Բույալսկին և Վլադիմիր Բրաժկոն։ Եվս մեկ ֆուտբոլիստ՝ Ալիու Տիարեն, հանդիպումը բաց կթողնի որակազրկման պատճառով։
Թիմին չի օգնի նաև հարձակվող Վլադիսլավ Բլենուցեն։ Վերջինս ընտանեկան հանգամանքներից ելնելով թույլտվություն է ստացել և արդեն լքել է ակումբի ճամբարը՝ մեկնելով հայրենիք։
«Նա ընտանեկան խնդիրներ ուներ, այդ իսկ պատճառով թույլտվություն խնդրեց և մեկնեց տուն։ Ինչ վերաբերում է նրա բացակայությանը, ապա այս պահին մեր տրամադրության տակ կա երեք լիարժեք հարձակվող։ Կազմն ընտրելիս մենք հիմնվել ենք դիրքային նպատակահարմարության և խաղացողների ընթացիկ խաղային պրակտիկայի վրա»,- պարզաբանել է Կոստյուկը։
Հիշեցնենք, որ «Դինամո» — «Նոա» հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, և կմեկնարկի 00:00-ին։