ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ծովային շրջափակել Վենեսուելա մտնող և երկրից դուրս եկող լցանավերը։ Հեղինակավոր լրատվամիջոցները դա համարում են Վենսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության վրա ճնշումն ուժեղացնելու Վաշինգտոնի հերթական քայլը: Թրամփը Մադուրոյի կառավարությունը համարում է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։ Վենեսուելան ի պատասխան հայտարարում է, որ միջազգային իրավունքի, երկրի սահմանադրության և օրենսդրության համաձայն՝ վերահաստատում է ինքնիշխանությունը սեփական բնական հարստությունների նկատմամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է շրջափակել Վենեսուելային մոտեցող և Վենեսուելայից դուրս եկող՝ պատժամիջոցների տակ գտնվող նավթային բոլոր լցանավերը։ Իր այդ որոշման մասին Թրամփը գրել է Truth սոցիալական հարթակում.
«Վենեսուելան ամբողջությամբ շրջապատված է Հարավային Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ նավատորմով, և այն միայն մեծանալու է, ինչը լուրջ ցնցումներ կառաջացնի»։
Սպիտակ տան ղեկավարը նշում է, որ իր համար նման գործողությունների հիմք է հանդիսանում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գլխավորած, իր ձևակերպմամբ, Վենեսուելայի ռեժիմի կատարած ակտիվների գողությունը, ահաբեկչությունը, թմրանյութերի մաքսանենգությունը և մարդկանց թրաֆիքինգը։ Թրամփը նշում է, որ Վաշինգտոնն այդ կառավարությունը համարում է ահաբեկչական կազմակերպություն․
«Մադուրոյի անօրինական ռեժիմը գողացված հանքավայրերից նավթն օգտագործում է իր գործունեությունը, թմրավաճառությունը, մարդկանց թրաֆիքինգը, սպանությունները և առևանգումները ֆինանսավորելու համար»։
Թրամփը գրում է, որ Միացյալ Նահանգները կմեծացնի իր ռազմական ներկայությունը Վենեսուելայի շուրջ ծովային տարածքներում, մինչև Միացյալ Նահանգներին չվերադարձնի նավթը, հողը և գողացված այլ ակտիվներ։
Վենեսուելայի կառավարությունն անընդունելի է համարում իր երկրի բնական պաշարների նկատմամբ ԱՄՆ նախագահի հավակնությունները և մտադիր է հարցը ներկայացնելու ՄԱԿ-ի քննարկմանը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վարչակազմը մեղադրում է Թրամփին միջազգային իրավունքը, ազատ առևտուրը և ազատ նավարկության սկզբունքը խախտելու համար։
«Իր սոցիալական ցանցերում նա ենթադրում է, որ Վենեսուելայի նավթը, հողերը և հանքային հարստությունը իր սեփականությունն են»,-հայտարարում է Մադուրոն՝ ի պատասխան Թրամփի գրառման․
«Նա պահանջում է, որ Վենեսուելան անհապաղ հանձնի իր ողջ հարստությունը։ Միացյալ Նահանգների նախագահը մտադիր է բացարձակապես իռացիոնալ ձևով Վենեսուելայի նկատմամբ ենթադրյալ ծովային շրջափակում կիրառել մեր ազգին պատկանող հարստությունը գողանալու նպատակով»։
Կարակասը ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփի ձևակերպումները գաղութատիրական են, իսկ Վենեսուելան այլևս երբեք չի դառնա ոչ մի կայսրության գաղութ:
Դեռ երկու ամիս առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայում Մադուրոյի նախագահության օրերը հաշված են։
Կարակասում Վաշինգտոնի գործողությունները համարում են տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված սադրանք։
Անցյալ շաբաթ Վաշինգտոնի և Կարակասի հակամարտությունն ավելի սրվեց, երբ ամերիկյան ուժերը գրավեցին վենեսուելական մի լցանավ։
Այս միջադեպից հետո վենեսուելական նավթի գնորդները, ներառյալ չինական վերամշակման գործարանները, սկսեցին պահանջել ավելի բարձր զեղչեր և պայմանագրային փոփոխություններ Վենեսուելայի պետական նավթագազային ընկերությունից՝ հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Դեռևս պարզ չէ, թե ինչ կանի ԱՄՆ նախագահը պատժամիջոցների տակ գտնվող նավերի հետ, արդյոք նա կդիմի առափնյա պահպանությանը՝ խնդրելով արգելափակել այդ նավերի շարժը, ինչպես դա արեց անցած շաբաթ:
Միացյալ Նահանգները հազարավոր զինծառայողների և գրեթե մեկ տասնյակ ռազմանավեր և ավիակիր է տեղակայել Վենեսուելայի ափամերձ ջրերում։
Դոնալդ Թրամփը խոստացել է այս հարցի շուրջ առաջիկա ժամերին հանդես գալ ուղերձով։