ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը բողոքի ցույց է իրականացնում Երեւանի պետական տիկնիկային թատրոնի դիմաց։ Ցույցը նախաձեռնվել է ի պատասխան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում արված արտահայտությունների։ Ռուբեն Բաբայանն ասել էր, որ առաջարկում է ամբախ-զամբախ խոսողներին, այդ թվում՝ Միքայել Սրբազանին ճիպոտահարել, ինչը զայրույթ էր առաջացրել հանրության շրջանում: Ավելի ուշ Բաբայանն ասել էր, որ հումորով է նման արտահայտություն արել: Նշենք, որ երիտասարդները ցույցի բնույթին բնորոշ ծաղրանկարներ են պատրաստել Ռուբեն Բաբայանի եւ Պետրոս Ղազարյանի պատկերներով եւ վերնագրել՝ «Ռուբեն Ճիպոտեցին» եւ «Պետրոս Հեքիաթասացը»:
«Մեր այսօրվա ակցիան խրատական բնույթ ունի, բոլորիդ էլ ծանոթ են Ռուբեն Բաբայանի հայտնի մտքերը Պետրոս Ղազարյանի մոտ: Մեր այսօրվա ակցիան պատասխանն է նրա տխրահռչակ մտքերին: Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում եւ ասում ենք, որ ազգային երիտասարդները չեն համակերպվելու այս իրողությունների հետ:
Մեզ համար անընդունելի է, որ վաստակավորի կոչում ունեցող անձը նման մտքեր է արտահայտում: Մեզ համար իրական մտավորականը Միքայել սրբազանն է, որը բանտարկվել է հայրենիքի զավակը լինելու, ազգային սրբազան լինելու համար…Համոզված ենք, որ պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնելու, եւ Միքայել սրբազանն ու մյուս սրբազանները, նաեւ այն մարդիկ, որոնք հետապնդվում ու բռնության են ենթարկվում այս իշխանությունների կողմից, ի վերջո հասնելու են արդարության: Այս իշխանությունները հեռանալու են, եւ մենք ունենալու ենք ազգային իշխանություն ու ազգային մտավորականություն», – ասաց ցույցի մասնակից երիտասարդներից մեկը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Ազգային ճակատի
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: