Վճռաբեկ դատարանի ուղենիշային դիրքորոշումը քրեական գործի շրջանակում կիրառված արգելանքը (կալանքը) քաղաքացիադատավարական ընթացակարգով վերացնելու եւ գույքը վերադարձնելու իրավական հնարավորության վերաբերյալ
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը, թիվ ԵԴ/7692/02/22 որոշմամբ արձանագրել է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից անձին պատկանող գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումների (կալանքի, արգելանքի) պահպանման իրավաչափության վերաբերյալ վեճը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա լինելու հարցն ուղղակիորեն պայմանավորված է տվյալ քրեական վարույթի ավարտված կամ չավարտված լինելու փաստով։ Գործը վերաբերում էր Վահան Սիմոնյանի եւ Սյուզաննա Գալստյանի պահանջներին, որն ուղղված էր ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից Սիմոնյանի անշարժ եւ շարժական գույքի նկատմամբ կիրառված կալանքներին, գույքի վրա կալանք դնելու արձանագրությանը, վերականգնելով հայցվորների խախտված իրավունքները։
Պարտավորեցվել էր բանկին վերադարձնել հայցվորներին պատկանող ոսկա, ադամանդյա իրերը, հարկադիր ծառայությունն ապահովող ընկերությանը պարտավորեցվել էր հայցվորներին վերադարձվող գույքի նկատմամբ կալանքի վերացումից հետո բխող անհրաժեշտ գործողությունները։
ՀՀ վերաքննիչ դատարանը վճիռը բեկանել էր, հայցվորների պահանջը բավարարել մասնակիորեն։
Այն է, վերացրել էր գույքի վրա արգելանք դնելու Հակակոռուպցիոն ծառայության կոռուպցիոն, կազմակերպված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի որոշումը, պարտավորեցրել էր բանկին երեսունմեկ անուն ոսկյա զարդերը հանձնել սեփականատերերին։
Ըստ պատասխանող ՀՀ ֆինանսների նախարարության, վերաքննիչ դատարանը հաշվի չէր առել արգելանքի տակ գտնվող գույքը հայցվորներին վերադարձնելու մասին հանգամանքը;
Նախարարությունը առարկել էր. «ՀՀ վերաքննիչ դատարանը չի նշել, թե սույն գործով ո՞ր պատասխանողի դեմ է բավարարվել իքս-քրեական գործով Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված հանցագործություների քննության վարչության պետի տեղակալի կողմից «Գույքի վրա արգելանք դնելու մասին» որոշմամբ կիրառված արգելանքը վերացնելու մասին պահանջը, ու ո՞ր պատասխանողն է պատասխանատու այդ պահանջի մասով»։
Բանկի վճռաբեկ բողոքում էլ նշված էր, որ այս գործով վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բանկը պատշաճ պատասխանող չէ, քանի որ տվյալ գործով բանկը հանդես է եկել նշված արժեքների «պահառու», այսինքն, «հարկադիր շահերով օժտված կարող էր լինել քննչական մարմինը, որի քննիչի որոշման հիման վրա է կիրառվել դրանք բանկում պահպանության հանձնելու մասին որոշման պահաջները»։
Բանկը նշել էր, որ վերաքննիչ դատարանը պետտուրքի պարտավորությունը դրել է ինչպես իր՝ բանկի, այնպես էլ ՀՀ ֆինանսների նախարարության վրա, մինչդեռ բանկը ազատված է պետտուրք վճարելու պարտականությունից, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։
Ըստ հայցվորների, թե ՀՀ ֆինանսների նախարարությունը, թե բանկը պատշաճ պատասխանողներ են, եւ որ իրենց իրավունքների խախտումները նրանց գործողություններով են պայմանավորված;
«Գույքի տիրապետումը բանկի կողմից ապօրիի էր, քանի որ տիրապետման համար առկա էր որեւէ իրավական հիմք»,-պատասխանել էին նրանք։
Ըստ Վճռաբեկ դատարանի՝ «Եթե քրեական գործի վարույթն ավարտված է, որի ուժով սպառված է վարույթի մասնակցի իրավունքների պաշտպանության քրեադատավարական գործիքակազմը, այլեւս բացակայում է քրեական գործի շրջանակում անձի գույքի վրա դրված կալանքը (արգելանքը) քրեադատավարական ընթացակարգերով վերացնելու, որոշումը վերացնելու (վերանայելու) իրավական հնարավորությունը, առնվազն այն պատճառով, որ քրեական վարույթի ավարտից հետո դադարում են տվյալ գործով քրեական հետապնդում իրականացրած մարմինների՝ ներառյալ գործը քննած դատարանների՝ այդ գործի հետ կապված դատավարական գործողություններ եւ որոշումներ ընդունելու լիազորությունները, անձն իր իրավունքի պաշտպանության պահանջով կարող է դիմել դատարան քաղաքացիական դատավարության կարգով, այլ կերպ ասած՝ նման պայմաններում քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից անձին պատկանող գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումների (կալանքի, արգելանքի) վերացման վերաբերյալ պահանջը ենթակա է քննության քաղաքացիական դատավարության կարգով»;
Այն դեպքերում, երբ տվյալ քրեական գործով վարույթը դեռեւս ավարտված չէ, հետեւաբար, դեռեւս առկա են այդ գործի հետ կապված դատավարական գործողություններ եւ որոշումներ ընդունելու լիազորություններ ունեցող մարմիններ եւ քրեադատավարական գործիքակազմով վարույթի մասնակցի իրավունքների պաշտպանության օրենքով երաշխավորված հնարավորություն, քրեական գործի շրջանակում քրեական հետապնդումն իրականացնող մարմինների կողմից անձի գույքի վրա դրված կալանքը (արգելանքը) վերացնելու հարցը կարող է լուծվել բացառապես քրեադատավարական ընթացակարգերով։
Վճռաբեկ դատարանը, այսպիով, արձանագրել էր, որ «Քրեական հետապնդում իրականացնող մարմինների որոշմամբ անձի գույքի վրա դրված արգելանքը/կալանքը/ հանելու մասին պահանջների նկատմամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը կիրառելի չէ, ընդ որում՝ անկախ տվյալ քրեական գործով վարույթն ավարտված լիելու փաստից, քանի որ նշված հարցը դուրս է քննարկվող օրենքի կարգավորման տիրույթից»։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.12.2025
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: