Եթե համագումարը որոշի՝ նախընտրական ցուցակում անցողիկ տեղ կունենամ. Հայկ Սարգսյանը կբողոքարկի ՔՊ վարչության որոշումը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Հայկ Սարգսյանը կբողոքարկի կուսակցության վարչության որոշումը՝ 2026 թվականի ընտրություններում կուսակցության ցուցակում ընդգրկվելու իր հայտը մերժելու համար. այս մասին նա ասաց այսօր, լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, ՔՊ վարչությունը մերժել էր նրա դիմումը:

Նա մանրամասնեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ իշխանության գալուց հետո, առաջին անգամն է մասնակցում ընտրություններին: 2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցության վարչությունն է որոշում կայացրել՝ նախընտրական ցուցակում ընդգրկելու համար: Այժմ, ինչ-որ առումով նոր իրավիճակ է եւ հապճեպ չի որոշվում ցուցակը, այլ առաջադրմամբ եւ կուսակցականների քվեարկությամբ: 370 հոգի ՔՊ ցուցակում ընդգրկվելու հայտ է ներկայացրել, իր կարծիքով, նախընտրական ցուցակում կընդգրկվեն 300-350 հոգի՝ կուսակցության համագումարի ընթացքում՝ պատվիրակների քվեարկությամբ: Այդ քվեարկությունը կորոշի նաեւ թե ովքեր որ հորիզոնականն են ներկայացնելու:

Հայկ Սարգսյանը մանրամասնեց՝ իր գաղափարակից ընկեր եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռ 2000-ականներից է մասնակցել տարբեր նախաձեռնությունների, ապա 2015-ին եղել է ՔՊ-ի հիմնադիր անդամ: Ասաց՝ իրեն մշտապես առաջ է մղել գաղափարը, որ պետք է մշտապես պայքարել՝ ժողովրդի շահերի եւ երկրում հավասարություն հաստատելու համար: Նա հայտարարեց՝ բողոքարկելու է վարչության որոշումը ոչ թե նրա համար, որ ցանկանում է նախընտրական ցուցակում անցողիկ տեղ ունենալ, այլ ցանկանում է ներկայանալ կուսակցականներին իբրեւ ՔՊ հիմնադիր անդամ եւ նրանք կորոշեն իր տեղը նախընտրական ցուցակում: Ինքը վստահ է, որ եթե համագումարը որոշի՝ նախընտրական ցուցակում կունենա անցողիկ տեղ:

Մամուլում տեղեկություններ եղան, որ ՔՊ վարչության որոշումը՝ Հայկ Սարգսյանի դիմումը չընդունելու, կապված է նրա բարեվարքության հետ, մասնավորաբար, քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների հետ կապերով պայմանավորված: Հայկ Սարգսյանն ասաց՝ նման հարց չի քննարկվել:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment