Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց գլխավոր դատախազության՝ Վիգեն Սարգսյանի և Լուսինե Գալյանի դեմ ներկայացված՝ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանպահանջով հայցի քննությունը։ Գործում երրորդ անձ է հանդիսանում Ռոման Բաբելյանը։ Նշենք, որ Վիգեն Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, հետագայում՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնները։ Նիստը նախագահում էր դատավոր Ռուդոլֆ Ավագյանը։ Iravaban.net-ի փոխանցմամբ նիստին ներկա էին հայցվորի ներկայացուցիչ Տիգրան Ենոքյանը, պատասխանող Վիգեն Սարգսյանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը։
Նախորդ նիստին Դատարանը նշեց, որ ապացուցման ենթակա փաստերի մեջ լրացումներ պետք է կատարվեն և փաստեր ապացուցման պարտականությունը պետք է կրի հայցվոր կողմը։ Դատավորը հավելեց, որ ներկայացված փաստերի ապացուցման բեռի բաշխման որոշումը կկայացնի առանձին դատական ակտով։
Այս նիստով քննարկվեցին Վիգեն Սարգսյանի կողմից կատարված ծախսերի և նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկման մեխանիզմները։ Սարգսյանի ներկայացուցիչը նշեց, որ վերջինղ որոշ ժամանակ գտնվել է Միացյալ Նահանգներում՝ ուսումնառության նպատակով, և այդ ժամանակահատվածում կատարված ծախսերը պետք է առանձին դիտարկվեն։
Քննարկելով գույքային ձեռքբերման և օրինական եկամուտների հետ կապված փաստերը, Արմեն հարությունյանը հաստատեց, որ Սարգսյանը նշված գույքի իրական շահառուն է և դա արտացոլված է համապատասխան փաստաթղթերում։ Սակայն նշեց, որ իրավասու մարմինը անտեսել է գույքի ձեռքբերման հետ կապված օրինական եկամուտների մասին ներկայացված փաստերը։ Ի պատասխան Տիգրան Ենոքյանը ասաց, որ 2003 թվականին Սարգսյանի և Լուսինե Գալաջյանի օրինական եկամուտները կազմել են 3,195,847 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղին ուղղված ծախսերը՝ 229,062 դրամ։ Այս առումով Դատարանը որոշեց, որ հայցվորի կողմից հայտարարված փաստերի ապացուցման պարտականությունը կքննարկվի համապատասխան փուլում։
Այս նիստով,ի թիվս սեփականության վերաբերյալ փաստերի, քննարկվեց նաև վարձակալությունից ստացված գումարների օրինականությունը, որտեղ պատասխանողի ներկայացուցիչը հաստատեց, որ 2025 թվականի դրությամբ վարձակալությունը շարունակում է գործել։ Ինչպես նաև գույքային ձեռքբերման վերաբերյալ Դատարանի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք դրանք և դրամային միջոցները ձեռք բերվել են Վիգեն Սարգսյանի՝ հանրային պաշտոնից օգտվելով, պատասխանողի ներկայացուցիչը վստահեցրեց, որ 1998 թվականին, երբ ձեռք բերվել է առաջին բնակարանը, Սարգսյանը ուսանող էր և որևէ պաշտոն չէր զբաղեցնում։
Ի վերջո քննելով ներկայացված հայտնի ապացույցները, Դատարանը որոշեց հաջորդ նիստում քննարկել ապացուցման ենթակա փաստերը և սահմանել, թե ում կողմից պետք է ապացուցվի յուրաքանչյուր փաստ:
Դատարանը գրավոր որոշում կտրամադրի կողմերին ապացուցման պարտականության վերաբերյալ:
Այսպիսով դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակված է հունվարի 14-ին ժամը 14:30-ին: