Բա կոշիկ լիզելն էլ ո՞նց է լինում. Շարմազանովը՝ Կալլասի հայտարարության մասին

-Իշխանությունների նման քայլը հերթական անգամ խոսում է այն մասին, որ իշխանությունները ո՛չ ինքնիշխանության հետ կապ ունեն, ո՛չ ժողովրդավարության, ո՛չ անկախության, ո՛չ էլ պետական շահի հետ կապ ունեն: Դա կարելի է ներկայացնել որպես դասական հինգերորդ շարասյուն,- Aravot.am-ին ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հայտարարությանը, թե 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը ակտիվացրել է իր ապատեղեկատվական արշավը եւ իրենք կքննարկեն, թե ինչպես կարող են օգնել Հայաստանին այս հարցում։ «Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելու համար», – նշել է Կալլասը։

-Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ընդդիմությունը դիմեր այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին, ասեր հիբրիդային պատերազմի համար մեզ գրանտներ տվեք, որ պայքարենք այս իշխանությունների հիբրիդային պատերազմի դեմ: Նիկոլականները ինչ անուն մեզ կկպցնեին՝ էլ շպիոն, էլ կոշիկ լիզել: Մի բան ակնհայտ է, որ ԵՄ որոշ պաշտոնյաներ նպատակ ունեն սրան՝ այս իշխանություններին օգտագործել հակառուսական քարոզչության համար: Ինքը եվրոպացիներին հետաքրքիր է միայն այդ համատեքստում: Այնպես չէ, որ եվրոպացիների աչքերն ուռել է Նիկոլ Փաշինյանի համար: Ինչքան ինքը հակառուսական հայտարարություններ ու հակաիրանական գործողություններ անի, փորձի անել այն բաները, ինչ Վրաստանի իշխանությունները չարեցին, այնքան իրեն օգտագործելու են,- հավելեց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ ողբալու բան է, որ մի ինքնիշխան պետության իշխանություն դիմում է այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնների՝ ընդդիմության դեմ հիբրիդային պատերազմ անելու կամ կանխելու համար. «Բա կոշիկ լիզելն էլ ո՞նց է լինում, իրենց բառապաշարով եմ ասում էլի: Խայտառակություն է սա, պետականության բացակայության, մեր երկրում անկախ իշխանության եւ ինքնիշխանության բացակայության մասին է խոսում: Խոսում է այն մասին, որ Հայաստանը արտաքին կառավարման տակ է»:

Պարոն Շարմազանովը նկատեց, որ եթե իրենց իշխանության օրոք ինքը՝ որպես ԱԺ փոխնախագահ, աներ այն հայտարարությունները, որոնք Փաշինյանն է արել՝ «բոլորիդ լցնելու ենք ԿԳԲ-ի պադվալները կամ ընտրությունների ժամանակ Փաշինյանի պես ասեի՝ սրանց բոլորին բռնեմ, շինելու եմ, մեր տուն չէի հասնի: ԵԽԽՎ-ում այնքան բանաձեւ կանեին, կգամեին անարգանքի սյունին ինձ ժողովրդավարական բաստիոնի պաշտպանները, բայց հիմա ծպտուն չեն հանում, որովհետեւ իրենց շահերն է պաշտպանում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment