Արմավիր քաղաքում դեկտեմբերի 19-ին վառվելու են գլխավոր տոնածառի լույսերը: Տոնածառեր կդրվեն նաև համայնքի տասը գյուղական բնակավայրերում, և տարեմուտը կնշվի տարբեր միջոցառումներով:
Տոնական տրամադրությունն ապահովելու համար համայնքը պետք է ապահովի այս տարվա համար բյուջեում ամրագրված ցուցանիշների կատարումը։ Արմավիրում համոզված են՝ կատարողականը ցածր չի լինի։
Տարվա ավարտին համայնքները շտապում են ապահովելու բյուջեի կատարողականը, քանի որ դրանից է կախված հաջորդ տարվա բյուջեի պլանավորումն ու պետությունից ակնկալվող դոտացիան: Արմավիր համայնքում 2025 թ․ բյուջեն կկատարվի մինչև տարեվերջ՝ ասում է համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը:
«Այս պահի դրությամբ բավական հուսադրող է, և կարծում եմ՝ մինչև ամսվա վերջ բյուջեն կկատարենք: Իսկ թե որ բնակավայրերն են ավելի ցածր եկամուտ ապահովում, կդժվարանամ ասել, բայց բոլոր բնակավայրերն էլ ավելի շատ են հավաքում, քան նախորդ տարի: Նախորդ տարի էլ ավելի շատ են հավաքել, քան դրա նախորդին»:


Սեփական բյուջեի մուտքերի ապահովումը հնարավորություն է տալիս մեծացնելու այն աշխատանքների ծավալը, որոնք բնակավայրերում լուծման կարիք ունեն ու մտահոգում են համայնքի բնակիչներին: Բյուջեի մուտքերի ավելացումը վստահության արդյունք է՝ համոզված է Վարշամ Սարգսյանը:
«Եթե համայնքի բնակիչները գոհ չլինեն, օրինակ, մանկապարտեզի դայակի, դաստիարակի, խոհարարի աշխատանքից, իրենց հարկային պարտավորությունները ջանասիրությամբ չեն իրականացնի: Դա բնակչի վերաբերմունքն է համայնքի նկատմամբ: Ես ուզում եմ առիթն օգտագործել և շնորհակալություն ասել Արմավիր համայնքի բոլոր բնակիչներին, որոնք իրենց հարկային պարտավորությունները պատշաճ ու հետևողական են կատարում համայնքի նկատմամբ»:


Մանկապարտեզների հիմնանորոգումն ու կառուցումը հուսադրում են բնակիչներին, որ երեխաների համար ավելի որակյալ պայմաններ կապահովվեն՝ ասում է Արմավիր քաղաքի բնակիչ Նուշիկ Դավթյանը:
«Մեր նախադպրոցական տարիքի երեխաների երջանիկ մանկությունն ապահովելու համար մեր համայնքում իրական մեծ ծավալի աշխատանքներ են արվում, և մենք ունենում ենք մեծ առաջընթաց: Ես կարծում եմ, որ մեր համայնքի զարգացման ծրագիրը կարող ենք համարել զարգացում ապրող, որովհետև եթե մենք մտահոգված ենք մեր փոքրիկների ճիշտ կրթությամբ, որը մեր ապագայի համար շատ կարևոր է, այսօր շատ իրական աշխատանքներ ենք տեսնում»:


Տեղական բյուջեի համալրմամբ և պետության աջակցությամբ՝ Արմավիր համայնքի մի շարք գյուղերում շահագործվել են հիմնանորոգված ու նոր կառուցված մանկապարտեզներ, մյուսներում գործընթացը շարունակվում է: Սեփական եկամուտների մի մասն էլ ուղղվում է մասնակցային բյուջետավորման աշխատանքներին։ Նախագծերն առաջարկում են բնակիչներն ու քվեարկում դրանց իրականացման օգտին: Նուշիկ Դավթյանը կարևորում է իրենց մասնակցությունը համայնքի խնդիրների լուծմանը:
«Համայնքի բնակիչների մասնակցությունը շատ կարևոր արդյունքներ է արձանագրել մասնակցային բյուջետավորման ծրագրերի իրականացման առումով: Մեր համայնքի բնակավայրերում մասնակցային սկզբունքով բավարար չափով տեղաշարժեր կան: Եթե լինում են հարցեր, բնակիչները շատ ազատ բարձրաձայնում են իրենց անհանգստացնող հարցերը»:
Մասնակցային բյուջետավորման 2025 թ․ ծրագրով Լուկաշին, Նորավան գյուղերում և Արմավիր քաղաքում կառուցվել են արհեստական խոտածածկով ֆուտբոլի փոքր դաշտեր:

Բյուջեի մուտքերով պայմանավորված՝ հաջորդ տարի շուրջ 30 %-ով բարձրանալու է համայնքապետարանի և դրա ենթակայության տակ գործող կառույցների աշխատողների աշխատավարձերը: Համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն ասում է, որ այդ քայլին դիմել են երկար ու մանրամասն հաշվարկներից հետո:
«Մենք երկար ենք պլանավորել, որ պետք է համայնքի ենթակայության հիմնարկների և համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձը բարձրացնել: Բայց դա շատ պատասխանատու որոշում էր, որպեսզի հապճեպ իրականացնեինք: Պետք է համոզվեինք, որ մենք կկարողանանք հաջորդ տարիներին աշխատավարձերը նույն ձևով պահպանել, մի բան էլ բարձրացնել, այլ ոչ թե անկում ունենանք: Այո՛, մենք հասանք մեր նպատակին, և կարողացանք մեր աշխատողների աշխատավարձը բարձրացնել, որովհետև, կարծում եմ, նրանք շատ են աշխատում և քիչ վարձատրվում»:
Առաջիկայում Արմավիր համայնքի բնակավայրերում տոնական տրամադրության պակաս չի լինի, քանի որ տեղադրվելու են տոնածառեր, կազմակերպվելու են միջոցառումներ: Իսկ դեկտեմբերի 19-ին կվառվեն Արմավիր քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: