ԱԺ-ի՝ տարվա վերջին արտահերթը սկսվում է իշխանություն-ընդդիմություն փոխադարձ մեղադրանքներով։ Առիթը Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև կնքված «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» ծրագիրն է։ ԱԶԲ-ն պատրաստվում է Հայաստանին 250 մլն դոլարի չափով վարկ տրամադրելու՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար բնակարաններ կառուցելու համար։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը հղում է անում կառավարության ծրագրի՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հատվածին։
«Հիշեցնեմ, թե ինչ է ասում պարբերությունը։ «Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում։ Ջանք չի խնայելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմանների ստեղծելու համար։ Այս նպատակներին կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաև Արցախի հետ գործակցության նոր ձևաչափի ստեղծման միջոցով»։ Երանի թե կառավարությունն այդքան սկզբունքային լիներ և իր մոտեցումը կառուցեր բոլոր կետերի շուրջ, այլ ոչ թե ընդամենը մի կետի»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդդիմադիր պատգամավորին առաջարկում է կառավարության ծրագրից մեջբերումներ անելուն զուգահեռ տեղափոխվել 2023-ի օգոստոսից սեպտեմբեր ժամանակահատված։
«Խոսեք նաև այն մասին, թե դուք ինչով եք զբաղված հենց նույն Ղարաբաղի ղեկավարների հետ, հենց նույն Դաշնակցությունը և ձեր քաղաքական շրջանակները, երբ այնտեղ պալատական հեղաշրջում էին անում և ոգևորված մտածում էին, որ այդ հեղաշրջումը կներմուծեն նաև Հայաստան, շնորհավորում էին, և հետո մի քանի օր հետո լուծարում էին Ղարաբաղը»։
Արթուր Խաչատրյանը հակադարձում է․
«Մոգական էր, պարոն Կոնջորյան, քաղաքական ուժը, որն ասում էր՝ Արցախը թոկ է, Արցախը մեր հանրապետության անկախությանը խոչընդոտ է, հիմա սրտի ցավով է ասում, որ հեղաշրջում տեղի ունեցավ։ Բա հեղաշրջվածը ինչի՞ չէր բողոքել, որ իրան շրջել են, ոնց որ թե ինքն էլ դեմ չէր շրջվելու»։

Ոչ թե Լեռնային Ղարաբաղը, այլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն էր թոկ՝ պատասխանում է Հայկ Կոնջորյանը․
«Դրանք շատ տարբեր բաներ են, և Ղարաբաղի հարցը թոկ սարքելու ամենակարևոր գործող անձանցից մեկը եղել է ձեր ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանը։ Ընդ որում, ումից այսօր դատախազությունը «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքով պահանջվող հայցագինը մոտավորապես այնքան է, ինչքան հիմա պետությունը վարկ է վերցնում Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային խնդիրներն ապահովելու համար»։
Ռոբերտ Քոչարյանից ապօրինի գույքի գործով հաստատված հայցագինը 200 մլն դոլար է՝ 50 մլն դոլարով պակաս քննարկվող վարկի գումարից՝ ասում է Կոնջորյանը։
«Ո՞նց է ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանից պահանջում են մոտավորապես այնքան փող, ինչքան պետությունը վարկ է վերցնում, որ Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային խնդիրը լուծի»։
Ընդդիմությունը թերահավատ է, թե վարկն ամբողջությամբ կծառայի իր նպատակին։
«Կառավարության ներկայացուցիչները գալիս էին, խոսում էին, ասում էին՝ վարկ ենք ներգրավում, որ ճանապարհ կառուցենք, ֆինանսական շուկան զարգացնենք, մարդկանց կարողությունները զարգացնենք։ Մեկ էլ Նիկոլ Փաշինյանը ստեղից վեր է կենում, ասում է՝ զենք ենք առել։ Իմ գործընկերն իրավունք ուներ հույս հայտնել, որ այս անգամ կառավարությունը վարկը կօգտագործի այն նպատակի համար, ինչի համար, որ ներգրավում է»։

Նախագիծը ներկայացնող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը վստահեցնում է, որ ֆինանսական բոլոր միջոցները կծառայեն հենց ու միայն ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցիալական կարիքները հոգալու համար․
«Անձամբ ես վստահ եմ, որովհետև բանակցությունները և վարկի բուն նպատակը հենց այս ծրագրի ֆինանսավորումն է»։
Պետությունը 2024-ին 65 մլրդ դրամ է ուղղել ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքները հոգալուն, 2025-ին այդ գումարը կավելանա 40 միլիարդով և կկազմի 105 մլրդ դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը հիշեցնում է, որ բնակապահովման ծրագրից օգտվելու համար պարտադիր է ՀՀ քաղաքացիություն ունենալը։ Աջակցության չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով կազմում է 3,4 կամ 5 մլն դրամ։
«Այսօրվա դրությամբ 3.810 ընտանիք դիմել և ստացել է բնակարանի հավաստագիր, որոնցից 1.631 է ձեռք են բերել իրենց սեփական տունը կամ բնակարանը»։
Ասիական զարգացման բանկը վարկը կտրամադրի 27 տարի ժամկետով։ Առաջին 10 տարին արտոնյալ ժամկետ կլինի։ Մարումները կկատարվեն հավասարաչափ գումարներով՝ սկսած 2035 թվականից։ Համաձայնագրի կնքման պահին՝ հոկտեմբերի 30-ին, տարեկան տոկոսադրույքը կազմել է 4,84 %։