«Քիչ էր մնում Արարատ Միրզոյանի հետևից ջուր շփեին, հայտարարվում էր, որ նա գնում է մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների հավաքին, վերջում պարզվեց՝ ընդամենը մասնակցում է ոչ պաշտոնական նախաճաշի»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Ըստ նրա՝ հերթական խաբեությունն էլ այն էր, որ իշխանություններն ասում էին՝ ԵՄ-ի հետ ռազմավարական գործընկերություն են կնքում․ «Փաստաթուղթը հրապարակվեց, պարզվեց՝ դա ընդամենը ռազմավարական օրակարգ էր»։
Անդրադառնալով ԵՄ-ի՝ ՀՀ-ին «հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու» համար տրվող 12 միլիոն եվրոյի աջակցությանը՝ Հայկ Մամիջանյանը դա ուղիղ ներգործություն համարեց ներպետական գործերին․ «Ընտրական գործընթացների համար անհասկանալի տրամաբանության մեջ ի՞նչ հիբրիդային պատերազմ, ի՞նչ արտաքին ազդեցություն։ Եթե արտաքին ազդեցություն իրենք նկատի ունեն, որ ՀՀ-ում ընտրությունները կազմակերպում է մի մարդ, որը ցանկալի է Ադրբեջանի ու Թուրքիայի համար՝ նկատի ունեմ Փաշինյանին, ապա այդ տրամաբանության մեջ առկա է ՀՀ-ում արտաքին ներգործություն»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը տեղեկացրել էր, որ ԵՄ-ն պատրաստվում է 12 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին երկրում 2026 թվականի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև կիբեռանվտանգությունն ամրապնդելու հարցով:
Հայկ Մամիջանյանը նշեց՝ ՀՀ-ում կա շուրջ 50 քաղբանտարկյալ, որոնց և մեզ փորձում են մեղադրել արտաքին կապերի մեջ, բայց ոչ մեկի նկատմամբ նման հոդված հարուցված չէ․ «Նույնիսկ այն մարդկանց հանդեպ, որոնք հիմա որպես քաղբանտարկյալ շինծու հոդվածներով անազատության մեջ են, նույնիսկ նրանց համար կարվել են այլ հոդվածներ։ Փաշինյանը չի հասկանում, որ այլևս ծախու խմբագիր չէ և այլևս չի կարող հանդես գալ օդում կախված լուրերով։ Եթե ՀՀ-ում առկա են այլ երկրների գործակալներ, բացի իրենցից, իրենք ունեն ամբողջ ուժային համակարգը, չեմ հասկանում՝ օդի մեջ անիմաստ կրակելու տրամաբանությունը»։
Կրկին անդրադառնալով ԵՄ-ի կողմից տրամադրվող օգնությանը՝ պատգամավորը նշեց․ «Ինձ համար անհասկանալի է, որ մի ռեժիմ, որը քաղբանտարկյալներ է պահում, ոստիկանական բռնաճնշումներ է իրականացնում, դատական, իրավական համակարգն է ուզուրպացրել, դեռ մի հատ էլ իրենց քաջալերում են հավելյալ։ Երկար խոսվում է ԵՄ-ից եկող ահռելի ֆինանսավորման մասին՝ դեռ խոստումների մակարդակով, չի հրապարակվել, թե ուր է գնացել 250, 225 և 223 միլիոնը, բայց կտեսնեք՝ 15 միլիոնը շատ արագ կհատկացնեն, քանի որ դա Փաշինյանի իշխանությունը պահելու համար է։ Հետագայում Փաշինյանն ինչ ուզի, անելու է այլախոհների նկատմամբ և դա փաթեթավորելու է, որ արտաքին ներգործություն է։ Այս գործընթացը երկու կարևոր բաղադրիչ ունի՝ առաջինը գումարի տեսքով ֆինանսական ներգործություն է իրականացվում ՀՀ-ում ընտրական գործընթացներին, և սա ակնհայտ քարտ բլանշ է․ ի սկզբանե ձևակերպած է, որով իրականացվելու են բռնաճնշումներ»։
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: